168.am-ը գրում է.

«Մենք արցախցի ենք, ուժեղ ենք, դեռ դիմանում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որը շուրջ 30 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում, վաճառում։

Մեզ հետ զրույցի ընթացքում էլ նա աշխատանքի էր, շուկայում ժենգյալով հաց էր թխում։

– Ինչպե՞ս եք, տիկին Դոնարա, մարդկանց տրամադրություններն ինչպե՞ս են։

– Ոչինչ, հալա դիմանում ենք, գործի ենք։

– Շուկան ամբողջությամբ գործո՞ւմ է, թե՞ փակ տաղավարներ էլ կան, քանի որ լուսանկարներ էին տարածվել, որտեղ երևում էր, որ հատկապես մրգերն ու բանջարեղենը վերջացել էր։

– Շուկայի ներքևի հատվածում մարդ չկա, վերևում մի քանի հոգի ենք։ Միրգ-բանջարեղեն չկա, մենակ բանկա-մանկա, թթու-մթու՝ պահածոներ, մեկ էլ ժենգյալով հաց։

– Կանաչիները բավարա՞ր են ժենգյալով հաց պատրաստելու համար, դեռ որքա՞ն կկարողանաք աշխատել։

– Շատ դժվար ենք ճարում կանաչին, շատ չկա, քիչ-միչ բերում են, դժվար ա, բայց ոչինչ, կդիմադրենք։

– Ի՞նչ են խոսում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ի՞նչ լուծումներ են տեսնում արցախցիները։

– Խոսակցություններ կան, որ դեկտեմբերի 25-26-ին մի բան որոշվելու է, բացելու են ճանապարհը, տեսնենք՝ ինչ է կատարվում։

Հիմա շրջափակումից այն կողմ գտնվող արցախցիների համար ավելի դժվար է, քան Արցախում՝ շրջափակման մեջ գտնվողներիս։ Տղաս էլ արդեն 12 օր չի կարողանում վերադառնա, Գորիսում էր մնում, երեկ հետ դարձավ Երևան։

– Գորիսում իրենց կեցության ծախսերը հոգացե՞լ են։

– Չէ, ինքը ընկերոջ տանն է մնացել։ Ոչինչ դե, իրենք տղերք են, կդիմանան, թող կանանց, աղջիկներին տեղավորեն, մինչև տեսնենք՝ ինչ է դառնում․․․

Դժվարն այն է, որ տղաս Հայաստանում է, 2 երեխաները՝ այստեղ՝ Արցախում։ Մեծը 9 տարեկան է, փոքրը՝ 6, կարոտում են, ամեն իրիկուն հետը խոսում են, հարցնում՝ պապ, ե՞րբ ես գալու։ Այսպես էլ ապրում ենք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել