Lurer.com-ը գրում է.

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։ Մասնավորապես՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է.Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ.Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն՝ ապահովել իր անձնական անվտանգությունը:

Ամիսներ առաջ էլ հայտնի էր դարձել, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։

Հարուցված քրեական գործերը և տարածվող լուրերը, սակայն, չեն խանգարում Նիկոլ Փաշինյանին շարունակել լավ աչքով նայել Պողոսյանի ընտանիքի հետ փոխկապակցված բիզնեսներին: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Կան մի շարք ընկերություններ, որոնք շահագրգռված են այդ արգելքով, մասնավորապես` «Ասկե Գրուպը»: «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը։ «ԱՏ-մետալս»-ին ընդերքօգտագործման իրավունքով հատկացված հողերի 60 տոկոսի՝  «Արևիք» ազգային պարկի տարածքում ընդգրկվածությունը 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էր տեսչական մարմնի, հետագայում նաև իրավապահների տեսադաշտում։ Սակայն, գործը կարճվել է: Դժվար թե՝ պատահականության սկզբունքով:

Քիչ բան է փոխվել նաև բանանի շուկայում:  Ըստ ՊԵԿ-ի՝ 2018-ին Հայաստան բանան ներկրող 26 տնտեսվարող սուբյեկտներից 13-ը 2018-ին է մուտք գործել բանանի շուկա: Ի դեպ, այդ ընկերությունների մեծ մասն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2018-ի մայիսից հետո։

Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։

Ինչպես տեսնում ենք՝ հարուցված քրեական գործերը բնավ էլ չեն խանգարում բիզնեսին: Գուցե Փաշինյանն ու թիմը առաջնորդվում են ՝« բիզնես, ոչ մի անձնական բան» սկզբունքով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել