Hraparak.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ն ներքին հետաքննություն է սկսել Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ավարտից հետո թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեի (ավելի հայտնի Salt Bae մականունով) ֆուտբոլի դաշտում հայտնվելու պատճառների վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

Salt Bae-ն համաշխարհային համբավ է ձեռք բերել սթեյք պատրաստելու իր հատուկ ձևի շնորհիվ։ Նրան է պատկանում Nusr-Et-ը՝ սթեյքհաուսների ցանցը, որտեղ տարբեր հայտնի մարդիկ այցելում են հայտնի խոհարարին տեսնելու:

Գյոքչեն սոցցանցերի իր էջերում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել աշխարհի առաջնության ու արգենտինական ֆուտբոլի աստղերի հետ։ Նրան հաջողվել է խաղադաշտ մտնել եզրափակիչ խաղից հետո մրցանակաբաշխության ժամանակ։ Խոհարարը մոտեցել է ֆուտբոլիստներին, ինքնագրեր խնդրել, լուսանկարվել Ոսկե գավաթի հետ, չնայած այն բանին, որ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն, կողմնակի անձանց արգելված է մուտք գործել խաղադաշտ և միայն հատուկ մարդիկ իրավունք ունեն դիպչել գավաթին, այդ թվում՝ մրցաշարի հաղթողները, կազմակերպության պաշտոնյաները և պետությունների ղեկավարները։

Հավանաբար, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ ընկերական կապերի շնորհիվ է, որ Գյոքչեն կարողացել է մտնել խաղադաշտ: Դատելով սոցցանցերի լուսանկարներից՝ Ջաննին ու Նուսրեթը բավականին սերտ շփումների մեջ են։ 

Թուրք խոհարարի պահվածքը բացասական արձագանք է առաջացրել նախկին ու ներկա ֆուտբոլիստների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել