ՌԴ ԱԳ մամուլի խոսնակ Զախարովան բավական կոշտ է արձագանքել հայաստանյան պաշտոնական շրջանակներից ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներին՝ հայտարարելով, որ նման վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ «չի ընդունվում»՝ ընդգծելով որ հենց ռուս խաղաղապահներն են, իրենց կառուցողական առաքելությամբ հանդիսանում տարածաշրջանում իրավիճակի կայունացման գլխավոր գարանտները:

Հայտնի է դարձել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ հանդիպմանը: Միաժամանակ հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը:

Զախարովայի խոսքերում նկատելի է կոնկրետ Նիկոլի՝ ռուսների վերաբեյալ Կառավարության նիստում հնչեցրած քննադատությունների արձագանքը, որ, փաստորեն, ուղղորդվում է Հայաստանի՝ ՌԴ-ում կայանալիք կարևոր հանդիպումներին չմեկնելու ժեստով, ինչը, նկատենք, երկակի մեկնաբանության ենթակա իրողությունն է. մի կողմից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը բարոյական իրավուք է տալիս Երևանին՝ մերժելու ազերիների հետ հանդիպումը որևիցե ձևաչափով, մյուս կողմից, փաստորեն, դրանով Հայաստանը բոյկոտում է նաև ռուսական կողմի միջնորդական ջանքերը՝ կամա-ակամա Արևմուտքի «ջրաղացին ջուր լցնելով»: Ի դեպ՝ նույն ռուս վերլուծաբաններն իրենց հարցազրուցներում պնդում էին, որ ՌԴ-ում Հայաստանի առջև փոխադարձության սկզբունքով դրվելու էր «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Ահա այս ամենի ֆոնին է, որ Զախարովան, փաստորեն, կոշտ մեսիջներ է հղում Երևանին՝ թերևս կանխազգալով իրավիճակից Մոսկվայի համար բխող վտանգները: Գլխավոր հարցը հետյալն է՝ հետզհետե սրվող մթնոլորտը կարո՞ղ է հանկարծ անսպասելիորեն պայթել տարածաշրջանային մեծ պատերազմի տեսքով, եթե այո, ապա ո՞ւմ կողմը կբռնի Կրեմլը՝հաշվի առնելով նաև Իրանի գործոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել