Նիկոլը Կառավարության նիստում մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ-ի հասցեին՝ փաստացի Մոսկվային մեղադրելով ադրբեջանցիների «ջրաղացին ջուր լցնելու» համար. այն, ինչ պարտավոր են անել ռուսական ուժերը, չեն անում և չեն անում, ըստ Նիկոլի տրամաբանության, միանգամայն դիտավորյալ կերպով: Միաժամանակ Նիկոլը ևս մեկ ավելորդ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը հենց հիմա էլ պատրաստ է անմիջապես Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր. ՀՀ-ն Բաքվին է փոխանցել իր առաջարկները, և եթե դրանք ընդունելի լինեն Ադրբեջանի կողմից, ապա խնդիրն անմիջապես կլուծվի:

Ռուսներից բողոքելն այս օրերին մի տեսակ մոդա է դարձել: Օրինակ՝ երեկ Սիմոնյան Ալենն էր տրտնջացել ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտնած դիրքորոշումից՝ հայտնելով, որ ինքն ավելին էր ակնկալում դաշնակից երկրից: Հիմա էլ, փաստորեն, Նիկոլն է պրակտիկորեն երկրորդում Ալենին՝ ներկայացնելով գրեթե նույնաբովանդակ մեղադրանքներ:

Իրավիճակն իսկապես զգայուն է և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող: Ավելին՝ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն իրականում նախերգանքն է մոտալուտ մեծ պատերազմի, ինչի մասին արդեն տևական ժամանակ է՝ փորձագիտական հանրույթը չի դադարում խոսել:

Հայաստանի խնդիրն այս իրավիճակում արդյունավետ լուծումներ գտնելն է, որը, բնականբար, չի կարող տեղի ունենալ,եթե Նիկոլի հիմնական անելիքը լոկ մուննաթն է: Ընդ որում՝ նկատենք, որ Նիկոլի մուննաթը կունենար արժեք այն դեպքում, եթե Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով կշիռ ունենար, այլ ոչ թե լիներ այն ստորացված վիճակում, որում է հիմա: Մի դեպքում, երբ քո ձայնը լսելի չէ ո՛չ դաշնակցի, ո՛չ չեզոք ու ո՛չ էլ առավել ևս թշնամի երկրների համար, ոչ մի մուննաթ քեզ չի փրկի, այլ ընդհակառակը՝ իրավիճակը կարող է է՛լ ավելի խորանալ:

Բայց պետք է հասկանալ, թե իրականում որն է մուննաթի գլխավոր նպատակը: Ակնհայտ է, որ Նիկոլը նախևառաջ ապրում ու աշխատում է՝ սեփական զոմբիներին հիմարի տեղ դնելու համար, և այդ իմաստով, այո՛, նրա մուննաթը կարող է արդյունք տալ՝ ներքին լսարանին մոլորութան մեջ գցելու ու սեփական բաժին պատասխանատվությունը սեփական ուսերից հաջողությամբ թոթափելու հարցում: «Ես չեմ, ռուսներն են» սկզբունքը, ցավոք, հակառուսական քարոզչությամբ սնվող հասարակական որոշ շերտերի համար կարող է հիմնավոր թվալ՝ լռեցնելով բնական հարցը, թե իսկ այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչի՞ գլուխ են, որ բացի մուննաթախառը ճղճղոցներից, այս ճակատագրական պահին չեն անում ոչինչ:Օրինակ ինչո՞ւ այս օրերին նույն իշխանությունները բազմահազարանոց հավաքներ չեն կազմակերպում, երթեր չեն անում, խլացնում են հայության բողոքի ձայնն ու կոմֆորտ զոնա ապահովում Ալիևի համար:Ավելին՝ նրանց էլ, ովքեր փորձում են մի բան անել, ՔՊ-ական որոշ վիժվածքներ պախարակում են ու գանակոծում՝ իրականությունը դիտարկելով իրենց ճիվաղային պրիզմայով:

Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով՝ թուրքից ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել