Հոկտեմբերի վերջին ՀՀ դատախազությունը հաղորդեց, որ պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրություն է կատարել եւ վարչական դատարան է դիմել՝ վիճարկելով Երեւանի կենտրոնում գտնվող եւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Գործը գտնվում է դատավոր Անի Հարությունյանի վարույթում, եղել է նախնական նիստ, դատարանն արգելանք է դրել «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ Պլազայի» վրա, որ այն հնարավոր չլինի օտարել՝ մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը։ Թե ինչ ընթացք կունենա այս վարույթը, մոտ ապագայում պարզ չի լինի, որովհետեւ հաջորդ դատական նիստը 2023-ի սկզբին է նշանակված: Հիշեցնենք, որ այդ շենքը Սուքիասյանները սեփականաշնորհել էին ընդամենը 5 հազար 600 դոլարով։ 

Սակայն այս գործընթացը բարձրացրել է 90-ականներին հայտնի «ջրերի խանութի» տարածքի սեփականաշնորհման թեման, եւ հայտնվել են նաեւ տարբեր անձինք, ովքեր պնդում են, որ այս սեփականաշնորհման արդյունքում իրենց շահերը ոտնահարվել են։ Մեզ հետ կապ է հաստատել Կարեն Եսայանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, Արամի փողոց 5 հասցեում տարածք է ունեցել, որտեղ բանալիների, կողպեքների, սեյֆերի, երկաթյա դռների արտադրամաս է գործել՝ տարբեր տեսակի հաստոցներ ու գույք է եղել։ 1983 թվականից տարածքը պատկանել է իրեն, իսկ հետագայում, երբ սկսվել են սեփականաշնորհումները, ցանկացել է սեփականաշնորհել տարածքը, գումարի զգալի մասն էլ վճարել է, սակայն գործընթացը չավարտված՝ հայտնվել են Սուքիասյանները։ 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը 1994 թվականի նոյեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրել «Սեր-Ռոբեսայան» անհատական ձեռարկության՝ ի դեմս Կարեն Եսայանի, եւ նշված վարչության միջեւ։ Տարածքի ընդհանուր գին է սահմանվել 2 մլն 147 հազար 388 դրամը, որը պետք է վճարվեր մի քանի փուլով, իսկ սեփականության իրավունքը Եսայանը ձեռք է բերել պայմանագրի կնքման պահից։ Ժողովրդական պատգամավորների Երեւան քաղաքի խորհրդի գործադիր կոմիտեն, սակայն, 1995 թվականի դեկտեմբերի 15-ի 47/3 կ որոշմամբ Արամի փողոցի 3 եւ 5 շենքերը եւ դրանց հարող հողերը տվել է Սուքիասյաններին պատկանող «Աստղիկ 1» կոոպերատիվին՝ մշտական օգտագործման եւ վերակառուցման համար։ 

Կարեն Եսայանը պատմում է․ «Ի սկզբանե տարածքը պատկանում էր կենցաղսպասարկման նախարարությանը, հետագայում այդ շենքի մի հատվածում բանկ սարքեցին, մյուս մասն էլ տրամադրեցին ինձ՝ վերանորոգում արեցի, 1983 թվականից սկսեցի աշխատել։ Հետագայում, երբ սեփականաշնորհումը սկսվեց, կար ինվենտարիզացիոն բյուրո, աշխատակիցը չափուձեւն արեց, ասաց, որ 1 շաբաթվա ընթացքում փաստաթղթերը կտանք, թե այդ տարածքն ինչքան է գնահատվու՝  5.30 x11 մակերեսով տարածքի մասին է խոսքը։ Նամակը եկավ, ինչքան հիշում եմ, մոտ 2 մլն 138 հազար դրամ էր գնահատվել, ես մոտ 1 միլիոնը մուծեցի, սեփականաշնորհումը 3 փուլով էր։ Երկրորդ փուլն էլ եկավ, էլի որոշ հատված մուծեցի՝ մոտ 500 հազար։ 1991, թե 1992 թվականին, լավ չեմ հիշում թվականը, իրենց հայրն ինձ մոտ եկավ՝ Ալբերտը, ողորմի իրեն, մենք իրար հետ ծանոթ էինք։ Ասաց՝ այս տարածքը մենք մեզ ենք վերցրել, ամբողջը մերն է։ Ասի՝  ո՞նց կարող է այդպիսի բան լինել, սա իմ սեփականն է։ Ասաց՝ դա կապ չունի, գլխիդ ճարը տես։ Ասացի՝ այդպես ո՞նց կլինի, այս տարածքը 1983 թվականից իմն է, ես սրանով ընտանիք եմ պահում։ Ասաց՝ ախպեր, 4 տղա ունեմ, այնպես մի արա, որ իմ տղաները գան քո մոտ։ Ասի՝ Աբո, տարիքով մեծ ես ինձնից, քո տղաներով դու ինձ մի վախեցրու, ես էլ եղբայր ունեմ, ընկերություն ունեմ, այդպես չի ձեւը, էս հարցը պիտի խաղաղ լուծել, ես էլ այս տարածքից չեմ հրաժարվի։ Դե նայի, ես քեզ ասում եմ՝ ասաց ու գնաց։

Անցավ մի քանի ամիս, իրենք չէին երեւում, ես էլ Մոսկվա էի գնացել, աշակերտս էր այդտեղ, զանգեց, ասաց, որ եկել են, ասել, որ մի ամիս ժամանակ են տալիս, որ այդ տարածքից դուրս գանք։ Ես զարմացա, որովհետեւ այդ ժամանակ իրենք այդ աստիճան հայտնի չէին։ Եկա Երեւան, զանգեցի, որ տեսնեմ՝ ովքեր են, ասաց՝ ես Սարոն եմ Սուքիասյան, ասաց՝ էս տեղը մերն ա, վերցրել ենք մեզ, մեր սեփականն է։ Ասի՝ ո՞նց է ձեր սեփականը, թղթերը ցույց տվեցի։ Ասաց՝ դրանք ապօրինի թղթեր են, քեզ ժամանակ եմ տալիս, տարածքը դատարկիր, էս մեր տարածքն ա։ Վերջը մի 2 բան խոսեցինք, բայց կռիվ-մռիվ չի եղել, վիճել ենք, բայց ֆիզիկական ուժ չեն կիրառել։ Ես գնացի սեփականաշնորհման վարչության պետի տեղակալի մոտ, պատմեցի, ասաց, որ այդպիսի բան չկա, իրենց ոչ մի հրահանգ չի եղել։ Մի որոշ ժամանակ անցավ, կարծեմ արդեն 1994 թիվն էր, էլի եկավ, առանց բարեւ տալու, դռանը թխկթխկացրեց, բա՝ մի շաբաթ ժամանակ, թողեք գնացեք այդտեղից, ոչ էլ նայեց ինձ վրա։ Ես իրեն մոտեցա, ասացի՝ էսպես չի կարելի, դուք իմ երեխայի հացի աղբյուրն եք վերացնում։ Ասաց՝ բա ի՞նչ ես առաջարկում։ Ճիշտն ասած՝ ես արդեն գիտեի, որ Վանոյի բաջանաղն է, Վանոն որ չլիներ, իրենք ոչ մի բան էլ չէին կարող ինձ անել։ Ասացի՝ դուք կարո՞ղ եք ինձ Պրոսպեկտի վրա տեղ տալ։ Ասաց՝ բա ես քեզ կարող եմ ավելի լավ բան առաջարկել․ Կոշի քարի հանքում ծանոթ ունեմ, կարող եմ 2 ավտո  քար ուղարկել, գնա, որտեղ ուզում ես, քեզ համար տեղ սարքի։ Դա էր իր պատասխանը։ Ասի՝ էդ քարի տեղը ես էլ գիտեմ, գինն էլ գիտեմ՝ հատը 15 կոպեկ ա, դա չլինող բան է։ Մի խոսքով, ասաց՝ որ դա իրենցն է, ու մի շաբաթ ժամանակ տվեց»։ 

Կարեն Եսայանը հետագայում գնացել է Սուքիասյանների մոտ․ «Գնացի Սարոյի մոտ, իմիջիայլոց ասեմ, Սարոն ավելի պարկեշտ տղա էր, քան թե Խչոն։ Մի 2 բառ խոսեցինք, Խչոն եկավ, ոտքը ոտքին գցեց, առանց բարեւելու ասաց՝ ուզածդ ի՞նչ ա, արա, կարող ա՞ ալրաղացը տանք քեզ, պրծնենք քեզնից։ Ասացի՝ չէ, ինձ իմ տեղն է պետք, ես ուրիշ բան չեմ ուզում, դուք էլ սարքեք, իմ տեղն էլ ինձ թողեք։ Ասացին՝ չէ, մեր կողքը մարդ պիտի չլինի։ Ասացի՝ ի՞նչ վատ կլինի, որ հարեւան լինենք, բա՝ չէ, չլինող բան ա։ Էդ ժամանակ Պրոսպեկտի վրա «Զբերկասա» կար, որը փակվել էր։ Տարածքն իմ տարածքից մի քիչ փոքր էր, բայց կարելի էր վերցնել դա։ Իրենց ասացի՝ այդ մի լավությունը արեք գոնե, ասաց՝ կանենք, թող Խչոն դառնա դեպուտատ, կանենք։ Այդ ժամանակ Խաչատուր Սուքիասյանն Արա Սահակյանի հետ էր նույն տարածքում առաջադրվել, Արա Սահակյանը հաղթեց, ինքը չդարձավ դեպուտատ։ Մի խոսքով, ասացին՝ կանենք։ Ներկայիս նախագահ կոչվածը՝ Վահագն Խաչատուրյանը, այդ ժամանակ քաղսովետի նախագահն էր, այդ ամբողջն իր ձեռքով է եղել։ Սարոն զանգեց, բարձրախոսը միացրեց, որ ես էլ լսեմ։ Ասաց՝ այդ տեղը տուր էդ մարդուն, ասաց՝ հա, կտամ։ Այդպես անցավ գնաց։ Խաչատուր Սուքիասյանը 4 տարի հետո դարձավ դեպուտատ, էլի եկավ թխկթխկացրեց, թե՝ թողեք գնացեք այդ տարածքից, մի օր ժամանակ եմ տալիս։ Ասացի՝ դու ո՞նց ես խոսքդ անընդհատ փոխում, էսօր էսպես ես ասում, վաղը՝ էնպես։ Ինձ պատասխանեց՝ մեռնեմ օրենքին, գնա դիմի օրենքին»։

Նշենք, որ տարածքը 1995 թվականին Սուքիասյանների «Աստղիկ 1» կոոպերատիվին է տրվել՝ իբրեւ վերակառուցելու եւ որպես ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն գործարկելու նպատակով, սակայն այժմ այդ շենքը գործում է որպես «Սիլ Պլազայի» շենք։ Հետագայում Եսայանը փորձել է քաղաքացիական դատարանում վիճարկել Երեւանի քաղաքապետարանի եւ այդ ժամանակվա քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի որոշումները՝ տարածքը Սուքիասյաններին տրամադրելու վերաբերյալ։

Կարեն Եսայանը կարծում է, որ այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակվա իշխանությունների թողտվության, իսկ տարբեր դրվագներում՝ նաեւ անմիջական մասնակցության պայմաններում։ Նա դիմել է նաեւ իրավապահ համակարգին, սակայն ոչ ոք չի համարձակվել Սուքիասյաններին դեմ գնալ, բացի այդ էլ՝ պաշտոնյաներ են փոխվել, ով էլ խոստացել է հարցը լուծել, հետագայում հեռացվել է պաշտոնից։ Եսայանի խոսքով՝ նաեւ վարչապետ Հրանտ Բագրատյանին է նամակ գրել, սակայն նա իրեն չի ընդունել։ Եսայանը, տեսնելով այդ ամենը, իր հանդեպ կատարված անարդարությունը, որոշել է 2001 թվականին հեռանալ Հայաստանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համոզված է՝ արդարությունը մի օր հաղթելու է, եւ ինքը վերադառնալու է Հայաստան։ 

ՀԳ․ Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Սուքիասյաններից, սակայն մեր բազմաթիվ փորձերը` կապվել Խաչատուր կամ Սարիբեկ Սուքիասյանի հետ, անհաջողության մատնվեցին։ Փորձեցինք պարզաբանում ստանալ Սուքիասյանների մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից, սակայն նա չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, որ աբսուրդ բաներ չի ցանկանում մեկնաբանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել