Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Խաչատրյանին նշանակել է փոխվարչապետի պաշտոնում՝ նրան ազատելով ֆինանսների նախարարի պաշտոնից: Տիգրան Խաչատրյանն այդ պաշտոնում փոխարինեց Համբարձում Մաթեւոսյանին, ով գործնականում ոչնչով չէր զբաղվում, թեեւ, ըստ Սահմանադրության 152-րդ հոդվածի, փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ «իրականացնում է կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը»: Հայաստանի կառավարությունում եւս մեկ փոխվարչապետ կա` Մհեր Գրիգորյանը, ով նույնպես ֆինանսական ոլորտի մասնագետ է, մինչեւ փոխվարչապետ նշանակվելը աշխատում էր Արդշինբանկի կառավարիչ: Հիմա ունենք երկրորդ ֆինանսիստ փոխվարչապետը, եւ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետերի պաշտոնում նշանակում այնպիսի մարդկանց, ովքեր ունեն բացառապես նույն մասնագիտացումը: Հարց է առաջանում նաեւ, թե որպես փոխվարչապետ՝ ինչո՞վ պետք է զբաղվի Տիգրան Խաչատրյանը, ի՞նչ ոլորտներ պետք է համակարգի:

2019 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել, որով հստակեցրել էր, թե որ ոլորտներն է համակարգելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ֆինանսական եւ բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառավարում, հարկային բարեփոխումներ, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առեւտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ, միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ, միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ եւ ծրագրեր. սա այն ոլորտների ոչ ամբողջական ցանկն է, որով զբաղվում է Մհեր Գրիգորյանը` որպես փոխվարչապետ: Մինչեւ ֆինանսների նախարարի պաշտոնից ազատվելը այս նույն գործունեությամբ զբաղվում էր նաեւ Տիգրան Խաչատրյանը, բայց նախարարի կարգավիճակով: Մինչեւ երեկ Մհեր Գրիգորյանը զբաղվում էր Տիգրան Խաչատրյանի իրավասության տակ գտնվող ոլորտների համակարգմամբ, իսկ երեկ նրանք արդեն ունեցան նույն կարգավիճակը: 

Հայաստանի կառավարության կառուցվածքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք չեն մտնում գործող փոխվարչապետերի համակարգման ոլորտում. առողջապահություն, արդյունաբերություն, կրթություն եւ գիտություն, մշակույթ, սոցիալական ապահովություն, էլ չենք խոսում արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտի մասին, որոնք ամենաշատն են կաղում, եւ գուցե ամենաշատը կարիք կա, որ որեւէ մեկը, բացի նախարարից, համակարգեր այդ ոլորտները: Բայց Փաշինյանը գերադասեց փոխվարչապետ նշանակել ֆինանսների նախարարին, ով դժվար թե կարողանա զբաղվել վերոնշյալ ոլորտների համակարգմամբ:

Տիգրան Խաչատրյանի՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու միակ բացատրությունը կարող է լինել այն, որ Փաշինյանին, բացի ֆինանսներից, որեւէ այլ բան չի հետաքրքրում: Ո՛չ արտաքին քաղաքականությունը, ո՛չ երկրի պաշտպանությունը, ո՛չ, առավել եւս՝ մշակույթը, առողջապահությունը, կրթությունը կամ գիտությունը, արդյունաբերությունը նա չի կարեւորում: Միակ առաջնահերթ բանը եղել եւ շարունակում են մնալ ֆինանսները, այսինքն` փողը, վերահսկողությունը ֆինանսական հոսքերի նկատմամբ: Մհեր Գրիգորյանը՝ որպես փոխվարչապետ, արդեն չորս տարի համակարգում է այդ ոլորտը, բայց Փաշինյանն իր էությամբ կասկածամիտ մարդ է: Առանձնապես չտիրապետելով ֆինանսական ոլորտին՝ նրա մեջ կարող է կասկած առաջանալ, որ Մհեր Գրիգորյանը իրեն փորձում է «քցել», եւ դրա համար պետք է, որ նրա գործունեությունը վերահսկվի: Իսկ Գրիգորյանին կարող է վերահսկել մեկը, ով լավ տիրապետում է այդ ոլորտին եւ ունի առնվազն նրան հավասար կարգավիճակ: Հենց այդ նպատակով է Փաշինյանը Տիգրան Խաչատրյանին ազատել Մհեր Գրիգորյանի վերահսկողությունից եւ նրան օժտել փոխվարչապետի կարգավիճակով: Փաշինյանը կարող է հույս ունենալ, որ նման պայմաններում ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը կմեծանա, եւ իր կառավարության անդամները փողային հարցերում չեն կարողանա իրեն «քցել». բյուջեից փող տանել, առանց իր գիտության եւ առանց իր բաժինը տալու: Ուրիշ տրամաբանական բացատրություն այս նշանակմանը, կարծում եմ, չկա:

Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածով Հայաստանի կառավարության կառուցվածքը ենթադրում է նաեւ երրորդ փոխվարչապետի առկայություն, որն առայժմ չկա: Չի բացառվում, որ եթե Փաշինյանը մի օր որոշի, որ պետք է այդ պաշտոնը եւս լրացնել, նա երրորդ փոխվարչապետին եւս կնշանակի որեւէ ֆինանսիստի, որպես հավելյալ վերահսկող գործող երկու փոխվարչապետների նկատմամբ: Ֆինանսների նկատմամբ վերահսկողության մեծացումը երբեք ավելորդ չի լինում:

Ավետիս Բաբաջանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել