168.am-ը գրում է․

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից մեկ հիվանդ է տեղափոխվել Երևան։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Հայաստան»,- փոխանցեց Զառա Ամատունին։

Հարցին՝ Կարմիր խաչը պատրաստվո՞ւմ է  հումանիտար աջակցություն հասցնել Արցախ և արդյո՞ք նախատեսվում է այլ հիվանդների ևս տեղափոխել Հայաստան, Զառա Ամատունին պատասխանեց.

«Մենք պատրաստակամ ենք աջակցել մարդասիրական հարցերում՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, և այս կապակցությամբ կապի մեջ ենք նաև համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների, որոշում կայացնողների հետ։ Բնականաբար, այս առումով ցանկացած գործողություն մեր որոշումը չէ, այլ քննարկվում և համապատասխանեցվում է, այսպես ասած՝ կարիքներին։

Մենք ներկայացված ենք ամբողջ տարածաշրջանում և ունենք գրասենյակ նաև Լեռնային Ղարաբաղում և համապատասխան կառույցների հետ կապի մեջ ենք։ Սակայն մեր որոշումը չէ, թե ում պետք է տեղափոխել և մնացած մանրամասները, սա որոշվում է  համապատասխան կառույցների կողմից, իսկ մենք պատրաստ ենք աջակցելու»։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխայի տեղափոխմանը, Զառա Ամատունին կրկնեց, որ նման որոշումները կայացնում են համապատասխան կառույցները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել