Ելակը, ինչպես հայտնի է, ՔՊ-ականների սիրած հատապտուղն է։ Հենց մի լավ բան են ուզում անել՝ հիշում են ելակի մասին։ Ելակով բանակայիններին էին ուրախացնում՝ պատճառաբանելով, թե զինվորներ կան, որ իրենց տանը ելակի համ չեն տեսել, գոնե բանակում ուտեն։ Եվ բանակի ռեֆորմներն էլ պատկերացնում էին զինվորին ելակ տալու տեսքով:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ Դավիթ Փափազյանը` նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին, պարզվում է` ներդրումներ է անում «ելակագործության» մեջ՝ «Ձեռնարկատեր + պետություն» բանաձեւով աշխատելով «Բերրիմաունթ» համատեղ ձեռնարկության հետ։ «ԱՆԻՖ-ի ներդրման արդյունքում կառուցվելիք նոր ջերմոցը նախատեսում է կրկնակի ավելացնել ընկերության արտահանումը։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումը կազմում է 960 մլն ՀՀ դրամ»,-ասված է ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ։

Ձեռնարկությունը, ըստ ԱՆԻՖ-ի, իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով։ «Լայնածավալ» բառն էլ են ՔՊ-ականները շատ սիրում։ Նրանց շնորհիվ լայնածավալ պատերազմական գործողությունների ականատես եղանք 2020-ին, բայց ելակի լայնածավալ արտադրությունը ո՞րն է։

«Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին եւ արդեն ունի երկու ջերմոց՝ ընդհանուր 6 հեկտար տարածքով։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի երրորդ ջերմոցը»,- ասված է ԱՆԻՖ-ի հաղորդագրության մեջ։ Ուրեմն եթե, ասենք, մի ընկերություն ունի 2 ջերմոց, որտեղ ելակ է արտադրում, ու դրանց ավելանում է եւս մի ջերմոց, ապա այդ արտադրությունը դառնում է լայնածավալ։ Նույնչափ լայնածավալ է Տիգրան Ավինյանի գործունեությունը։ Նա բացի ԱՆԻՖ հիմնադրամի տնօրենների խորհուրդը ղեկավարելուց, եւս 5 առանցքային պաշտոններ է զբաղեցնում։

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրենների խորհրդի անդամ է եւ այս ընկերությունում կառավարում է պետության բաժնեմասը։ 2022 թվականի հունվարից ընտրվել էր պոլիտեխնիկի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ  փետրվարից Հայաստանի երեք խոշորագույն բանկերից մեկի՝ Հայբիզնեսբանկի տնօրենների խորհրդին է անդամակցում։ Այսօր նաեւ Երեւանի փոխքաղաքապետն է եւ, փաստորեն, համատեղում է պետական պաշտոնը մասնավոր բանկում պաշտոնավարելու հետ։ Նա, ստացվում է, պետության ներկայացուցիչն է մասնավոր բանկում, իսկ պետության ներկայացուցիչը ցանկացած բանկում ավտոմատ կերպով դրա առաջին դեմքն է դառնում ու ամենաազդեցիկ պաշտոնյան, ըստ ապարատի տրամաբանության։  

Ինչպե՞ս է պատահում, որ մի մարդն այսքան պահանջված է, անփոխարինելի, ինչպե՞ս է նա հասցնում այսքան ֆունկցիաները կատարել-համատեղել: Հուսով ենք՝ այս հարցերի պատասխանները կստանանք անձամբ իրենից։ Մանավանդ, որ վերջերս նա փորձում է հանրային մարդ դառնալ, հաղորդակցվելով հանրության հետ` ուղիղ շփումների եւ իր ՖԲ էջի միջոցով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել