Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքի շուրջ, ըստ էության, իր բնույթով պատերազմ է, եւ, ուրեմն, արցախցիներն էլ պիտի կռվեն, պայքարեն այս պատերազմում։ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը պատրաստ է առաջնորդել արցախցիներին այդ պայքարում, նա այսօր՝ 15.00-ին, հանրահավաք է նախաձեռնել Վերածննդի հրապարակում եւ կոչով դիմել հայրենակիցներին, քաղաքական ուժերին, որպեսզի կոնսոլիդացվեն, մեկտեղեն ուժերը եւ միջազգային հանրությանը ցույց տան, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, բլոկադայի է ենթարկել հազարավոր քաղաքացիների՝ կանգնեցնելով հումանիտար աղետի առջեւ։  
Դեկտեմբերի 12-ին Բաքուն Հայաստանի հետ Արցախի միակ ճանապարհը փակելուց հետո նախօրեի երեկոյան ամբողջապես դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Թե ինչ է նշանակում ձմռան այս շրջանում արգելափակել միակ ճանապարհն ու անջատել գազը, թերեւս ավելորդ է բացատրել, Արցախը, բառի բուն իմաստով, կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, երեկ վառելիքի, դիզվառելիքի դեֆիցիտն արդեն զգացնել է տվել։ Պետրոսյանն ասում է, որ շուտով նաեւ պարենի հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ Լաչինի միջանցքի խնդրի լուծումը չի երեւում։ 

Արցախի իշխանությունները կոչով դիմել են ռուս խաղաղապահներին, միջազգային հանրությանը, ՀՀ իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ճանապարհը բացելու ուղղությամբ: Եվրամիությունը, Միացյալ Նահանգները արտաքին գերատեսչությունների խոսնակների մակարդակով կոչ են արել Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժն ու էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը, սակայն առայժմ դրանք հերթապահ հայտարարություններ են մնում, քանի որ Ադրբեջանը չի նահանջում իր դիրքերից։ 

Տիգրան Պետրոսյանը, որ վերջին ամիսներին է դարձել կուսակցապետ, իսկ մինչ այդ ՀԿ սեկտորում ակտիվիստ է եղել, երեկ մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իր համար եւս հասկանալի չէ Արցախում ՀԿ սեկտորի նման պասիվությունը, դեկտեմբերի 12-ին մարդիկ փորձել են ինչ-որ բան անել, իսկ թե ինչու չեն արել, տեղյակ չէ․ «Ճանապարհը փակելու առաջին օրը ես հանդիպեցի Արթուր Թովմասյանի հետ, երբ դուրս եկա իր մոտից, մի տասը հոգի մարդ կար Վերածննդի հրապարակում, կանգնած զրուցում էինք, որ հասկանանք, թե ինչ պետք է արվի, բայց մեր քաղաքապետը եկավ, ինձ ասաց, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպման ցանկություն է հայտնել։ Չորս հոգով հանդիպել ենք եւ մի շարք հարցեր ենք քննարկել, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց ես դրանց մասին հրապարակային չեմ կարող խոսել։ Ընդամենը կասեմ, որ պարոն Վարդանյանն ասաց, որ որոշակի ինֆորմացիա կա, որոնց մասին ուզում է, որ մենք էլ տեղեկանանք։ Իմ այցը թե՛ ԱԺ  նախագահի, թե՛ Ռուբեն Վարդանյանի մոտ նպատակ ուներ տեղեկանալու, թե ինչ է կատարվում։ Հիմա տեղյակ լինելով, թե ինչ է կատարվում, կարող եմ ասել, որ մեր ժողովուրդն անելիք ունի»։ 

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ արցախյան լռությունն արդարացնում է Ադրբեջանի պետական քաղաքականության այն կեղծ թեզը, որ Արցախում արցախցի չի մնացել, իսկ նախորդ ցույցերին էլ Հայաստանից են ավտոբուսներով մարդ բերել։ «Դե, եկեք ապացուցենք, որ այստեղ կանք ու պայքարելու ենք։ Ինձ համար զարմանալի է՝ պետությունից ֆինանսավորվող Հանրային խորհուրդը, ՀԿ-ներն ինչո՞ւ մինչ օրս չեն նախաձեռնել հանրահավաք։ Եթե ադրբեջանցիներն ասում են, որ ճանապարհը փակել են բնապահպանները, եկեք մենք էլ մեր ՀԿ սեկտորով մեր խոսքն ասենք»,- կոչ է անում նա։

Պետրոսյանն ասում է, որ ստեղծված իրավիճակի լուծման բանալին միջազգային կառույցների ձեռքում է․ «Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանք է տեղի ունենում, իսկ վերջիններս չեն կարող ուժ կիրառելով բացել ճանապարհը, դա հղի է առավել մեծ վտանգներով։ Սա ռուս-ադրբեջանական սադրանք չէ՝ Արցախի դեմ ուղղված, սա սադրանք է՝ ուղղված նաեւ խաղաղապահների դեմ, ի վերջո, այս իրավիճակը վարկաբեկում, հարվածում է նրանց իմիջին։ Իսկ Արեւմուտքը եթե ուզենա, մի քանի րոպեում կբացի ճանապարհը, չէ՞ որ Ադրբեջանի նավթն ու գազը սպառողը Եվրոպան է, բյուջեն կախում ունի եվրոպական էներգակիրներից, մեկ րոպեում կարող են փաստի առաջ կանգնեցնել ադրբեջանական իշխանությանը»։ Երեք օր շրջափակված Արցախում ամենաշատը զգում են ջեռուցման խնդիրը եւ դիզվառելիքի դեֆիցիտի․ «Բայց եթե այսպես շարունակվի, շուտով ամեն ինչի կարիք էլ զգացվելու է»։ 

Իսկ Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ ճանապարհի բացումը չի կարող լինել զիջումների գնով։ Ադրբեջանցիները բնապահպանական ֆեյք խնդիրների քողի ներքո պահանջում են Դրմբոնի հանքում մոնիթորինգի թույլտվություն ստանալ, եթե զիջեն այս հարցում, վաղը նոր պահանջներ կներկայացվեն։ «Խնդիրը քաղաքական է, Ադրբեջանը համարում է, որ Արցախն իրենն է, այսօր հանքերի խնդիր է դնում, վաղը կարող է ասել, որ մեր անասունների պատվաստումը պիտի ինքն անի, որովհետեւ անասունների անկում է Ադրբեջանում գրանցվել, եւ այսպես շարունակ»,- ասաց մեր աղբյուրը՝ ընդգծելով, որ խնդիրը ճանապարհը բացելը չէ, այլ քաղաքական որոշում ընդունելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել