Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը միշտ աջակցել է ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն։

«2015 թվականին Հայաստանը գլխավորեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ճանաչելու համար։ Հայաստանը միշտ եղել է ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի ամուր աջակիցը՝ հանձինս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի, որը միշտ վստահելի գործընկեր է և միշտ օժանդակել է մեր գրասենյակին»,- ասաց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը։

Նա նաև հիշեցրեց, որ մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

«Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել այս կապակցությամբ»,- եզրափակեց Ալիս Վայիրիմու Նդերիտուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել