Armenpress.am-ը գրում է.

Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ուզում, որ մենք ցեղասպանությունը դիտարկենք և ընկալենք անխուսափելի և անկանխարգելելի մի իրողություն։ Եվ պետք է արձանագրեմ՝ որքան էլ տարօրինակ թվա այս եզրակացությունը, իմ համոզմամբ, այնուամենայնիվ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը՝ երկխոսությունն է և համագործակցությունը, այդ՝ թվում Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք  համարում»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ամենատարբեր առիթներով ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը։

«Բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը, կարծես, միջազգային հանրությունն է և ոչ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր այդ նախադասության շահառուն են։ Այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից հասցեագրվում է միջազգային հանրությանը, բայց չի հասցեագրվում Լեռնային Ղարաբաղի հայությանը։ Մենք կարծում ենք, որ այդ ուղերձը իրական կլինի, երբ լսելի կլինի Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի հայության շրջանում»,- ընդգծեց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել