Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալների ռեգիստրում ներառել է փիլիսոփա Ռուբեն Ապրեսյանին, ինչպես նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովին:

Ինչպես գրում է svoboda.org-ը, Ռուբեն Ապրեսյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի էթիկայի բաժնի վարիչ։ Նա քննադատել է Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա, ստորագրել  ռուս գիտնականների բաց նամակն ընդդեմ պատերազմի։

Ինչ վերաբերում է Ասկերովին, ապա 2022 թվականի մայիսին նա հեռակա կարգով ձերբակալվել է: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել նացիզմի վերականգնման վերաբերյալ քրեական գործով։ Ըստ քննիչների՝ ադրբեջանցին Facebook-ում դիտավորյալ կեղծ տեղեկություններ է հրապարակել խորհրդային մարշալ Գեորգի Ժուկովի մասին, որը «վիրավորել և արատավորել է ռուս մեծ հրամանատարի և հայրենիքի պաշտպանի հիշատակը»։ Ըստ Paragraph թերթի՝ Ասկերովը Ժուկովին անվանել է «փորձառու ավազակ», «համազգեստով մարդասպան» և «գող»:

Ընդհանուր առմամբ ՌԴ օտարերկրյա գործակալների ռեգիստրում այս պահին նշված է 499 մարդ և կազմակերպություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել