Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:

«Սա պարզապես հերթական նախարարության ստեղծումը չէ: Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում»,-ասաց Սարգսյանը:

Ոստիկանությունն այժմ չունի իր համար քաղաքականության մշակման համար պատասխանատու սուբյեկտ, և, ըստ այդմ, ինքնակատարելագործման ճանապարհով է գնում: Սակայն փոխնախարարը շեշտեց՝ պետք է տարանջատվեն քաղաքականության մշակման և քաղաքականության իրականացման ֆունկցիաները:  Ըստ նրա՝ քաղաքացիական նախարարության ստեղծման առավելությունն այն կլինի, որ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կլինի՝ ի դեմս ՆԳՆ-ի, կլինի նաև ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի: Իսկ ոստիկանությունը՝ ոստիկանապետի մակարդակով, պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար:

Փոխնախարարը նաև աղետների ու ռիսկերի ընդհանուր տրամաբանության մեջ կարևորեց մեկ կետից կառավարում ու մեկ կետից քաղաքականության մշակում ունենալը: «Իսկ այդ 3 կառույցներն, ըստ էության, հենց առօրեական մակարդակում բախվում են տարբեր ճգնաժամային իրավիճակների: Եվ, հետևաբար, տրամաբանական է մեկ նախարարության ներքո ունենալ այս բոլոր ոլորտների քաղաքականության մշակումը»,-նշեց Սարգսյանը: 

Նախարարության ենթակայության ներքո լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու կլինի կադրերի որակի համար, կիրականացնի համապատասխան ուսուցումը:

«Այս բարեփոխումները չպետք է երբեք ընկալել որպես աշխատողների նկատմամբ պատիժ: Սա պետք է ընկալվի որպես նոր շանս՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումները նոր հունով շարունակելու և մեր քաղաքացիներին ոստիկանության, փրկարար ծառայության և միգրացիայի ու քաղաքացիության ծառայության օրինակով հանրային ավելի արդյունավետ ծառայություն մատուցելու կոնտեքստում»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե  այս երեք ծառայությունների մեկտեղումն ի՞նչ ժամանակացույցով է տեղի ունենալու: Սարգսյանը վստահեցրեց, որ ժամանակացույցը մշակելիս առաջնորդվել են այն կանխավարկածով, որ անգամ 1 րոպե ծառայության մատուցման կանգ չպետք է լինի հանրության համար: «Մենք շատ կարճ ժամանակ՝ շուրջ 4 ամիս,  կունենանք 13 նախարարություն, այսինքն ՝ դեռևս շուրջ 4 ամիս Արտակարգ իրավիճակների նախարարությունը կշարունակի գործել, մինչև ՆԳՆ-ում համապատասխան կադրային նշանակումները կիրականացվեն, և նախարարությունն ի զորու կլինի իրականացնել այդ ֆունկցիաները: Հենց ավարտվի այդ ժամանակահատվածը, ավտոմատ այդ ֆունկցիոնալ բազան կտեղափոխվի ՆԳՆ, ու նախարարությունը կիրականացնի այդ ֆունկցիաները»,-եզրափակեց փոխնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել