«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանն է։

- Պարոն Սահակյան, «խաղաղության պայմանագրի» 2 տարբերակ կա՝ արեւմտյան եւ ռուսական։ ՀՀ իշխանությունները ո՞րն են հակված ստորագրելու, եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա։

- Գլխավոր հարցը, այո, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է եւ դրա առանցքը կազմող՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Սա՛ է հայկական օրակարգը։ Սակայն այս խնդիրներն ի նպաստ մեզ լուծելու գրեթե անհնարինությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում իշխում է մի խմբակ, որի համար Արցախի ինքնորոշման իրավունք գոյություն չունի, նա իրեն ոչնչով պարտավորված չի զգում այդ հարցում, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում բռնել է կրավորական դիրք։ Ըստ ամենայնի, «թավշյա» կոչվող հեղափոխության ճարտարապետները, որոնք գտնվում էին այլ մայրաքաղաքներում, 20 տարի առաջ սկսեցին իրագործել Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը Թուրքիայի խնամակալությանը հանձնելու ծրագիր։ Վրաստանում մեծ հաջողություններ են գրանցել, Ադրբեջանը միշտ էլ հոգով ու սրտով Թուրքիայի հետ է եղել ու կա։ Հայաստանի դեպքում էլ ոչ թե խնամակալություն է լինելու, այլ՝ ողորմածություն, այսինքն՝ դարերի մեր տառապանքներն ու կորուստներն ապացույց չեղան մեր ճակատագիրը տնօրինել ցանկացողների համար, եւ որոշել են Հայաստանի այս վերջին կտորն էլ ոչնչացնել կամ դարձնել իր պատմությունից, ինքնությունից, ազգային նպատակներից հրաժարված անդեմ մի գոյացություն։ Որոշել են Թուրքիայի քիմքին հարմար խոնարհ «Էրմենիստան» սարքել։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կնետվի աղբանոց, քանի դեռ այս իշխանությունը կա։ Եթե հատուկենտ ճանաչումներ էլ լինեն, մահախոսականի կնմանվեն, դե, 100 տարի առաջ բան որ եղավ-անցավ, այսօրվա Թուրքիան ոչ մի պատասխանատվություն չի կրում։ 

- Իսկ ընդդիմությունն անելիք չունի՞:

- Անձնատուր եղած քաղաքի միջնաբերդում պաշարվածների վիճակում են ընդդիմադիրները։ Այս մի փոքր խումբն է մնացել։ Ժողովրդի մեծամասնությունը՝ իշխանության գլխավորությամբ, եւ մեր հարեւանները, դաշնակիցներն ու ոչ դաշնակիցները, մեզ իբր սիրողներն ու չսիրողները, մեզ տեսնողներն ու անտեսողները, բոլորն անեծքի պես կրկնում են՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է դա։

- Կարծես, ադրբեջանցիները պարզորոշ ասել են իրենց ուզածը։ Մերոնք էլ լրացում են ներկայացրել։

- Պայմանագրի բովանդակությունը հայտնի չէ, բայց այն դարձրել են լոզունգ, քարոզչական կլիշե, որն օգտագործվում է ներքաղաքական պայքարում. «խաղաղության օրակարգը» ծամծմողները դրանով նախորդ իշխանություններին մեղադրում են «պատերազմի օրակարգով» առաջնորդվելու մեջ՝ գիտակցված անտեսելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագումը, մոռանալով, թե ինչպես է Ադրբեջանը քաղաքական խնդրին պատասխանել պատերազմով։ Իշխանական այս խմբակը, փաստացի, մեղադրում է 90-ականների սերնդին՝ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու համար, մեզ անվանում «պատերազմի», «ռեւանշիզմի» ջատագով՝ «միլիտարիզմի», ի հակադրություն որոնց եկել են իրենք՝ նոր «խաղաղաբերները»։

- Այնուամենայնիվ, անհնար է ընդդիմանալ «խաղաղության պայմանագրին», մանավանդ՝ ժողովրդի մեծամասնության եւ միջազգային նման աջակցության պայմաններում։ 

- Մոտալուտ խաղաղության տրակտատի՝ պայմանագրի դերը չափազանցվում է։ Բայց եթե մարդու անունը դրել են Աշխարհաբեկ կամ Համասփյուռ, դեռ չի նշանակում, որ ամբողջ աշխարհը նրա առջեւ պետք է ծնկի գա, կամ տիեզերքում պետք է սփռվի նրա ազդեցությունը։ Հիմա եթե այդ տրակտատի անունը դնում են «խաղաղության պայմանագիր», դա չի նշանակում, որ խաղաղություն կհաստատվի։ Խաղաղության պայմանագրերն ավանդաբար կնքվել են որոշակի ժամանակով։ Մարդիկ մեզնից դեռ դարեր առաջ հասկացել են, որ հավերժական խաղաղություն չկա, խաղաղությունը կարող է լինել ժամանակավոր։ Հիշեք` թուրք-պարսկական պատերազմներն ու խաղաղության պայմանագրերը։ Մեր դեպքում էլ՝ ցանկացած պահի, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի շահը թելադրի, պատռելու են այդքան գոված պայմանագիրը։ Օրինակ, հենց Հայաստանում իշխանափոխություն լինի, իշխանության գան հայրենասեր ուժեր ու առաջնորդներ, որոնք չեն կրթվել ու կոփվել սորոսական կամ թուրքական կենտրոններում, երեկվա «բարեկամ» Հայաստանը միանգամից կհայտարարվի թշնամի պետություն, եւ ինչպես այսօր ռմբակոծում են Սիրիան, Իրաքը, ինչպես սպառնում են Իրանին, Հունաստանին, Կիպրոսին, նույն ձեւով էլ մեր տարածք կներխուժեն, կռմբակոծեն։ 

- Դուք դա ռեա՞լ եք համարում։

- Ամենայն լրջությամբ, այո՛։ Սա է մեր գլխին գալու շատ մոտ ապագայում։ Հայաստանում այսօր ցնծացողներն առաջինն իրենք են իրենց կյանքով պատասխան տալու «խաղաղասեր թուրքին» հավատալու համար։

- Փաստորեն ստացվում է, որ եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, Հայաստանը հանձնվում է Թուրքիայի ողորմածությանը, եթե իշխանափոխություն է լինում, ապա թուրքերը ռմբակոծում են Հայաստանի տարածքները։ Ուրեմն ի՞նչ անել, ո՞րն է ճիշտ ելքը։

- Այդ հարցին չի կարող ընդդիմությունը կամ ինձ նման մեկը պատասխան տալ։ Դա հասկանալու համար պիտի իշխանություն ունենալ, տիրապետել տեղեկատվությանն ամբողջությամբ։ Մի՛ պահանջեք ընդդիմությունից այդ հարցերի պատասխանը։ Միակ բանը, որ մենք տեսնում ենք, այն է, որ պետք է կասեցնել այս կործանարար ընթացքը։ Այս իրավիճակում, ուժերի այս հարաբերակցությամբ, աշխարհաքաղաքական այսպիսի պայմաններում նման խնդիր լուծելը մեզ համար ժամանակավրեպ է։ Անգամ այս իշխանությունները, դա հասկանալով, փորձում են ձգձգել պայմանագրի ստորագրումը, ինչը մի քանի ամիս հաջողվեց։ Բայց թուրքերը, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, իրենց էշն են քշում։ Հենց միայն այն, որ թուրք-ադրբեջանական ուղղությունից են ճնշումները՝ որքան հնարավոր է շուտ Հայաստանին հարկադրել ստորագրելու կապիտուլյացիոն փաստաթուղթը, դա նշանակում է, որ միակ օգտվողն իրենք են լինելու եւ իրենց թիկունքում կանգնած համաշխարհային ուժերը, նրանք, ովքեր ուզում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։

- Սահուն անցաք Ռուսաստանին...

- Այո՛։ Ցանկացած պահի սպասեք, որ այս իշխանությունը կարող է դնել հայ-ռուսական պայմանագրերի չեղարկման, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական ռազմակայանը դուրս բերելու պահանջներ։

- Եթե Հայաստանը լքի ՀԱՊԿ-ն, ինչը ենթադրում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում, Հայաստանը կարո՞ղ է այլ դաշնակից գտնել, որից ռազմական օգնություն կստանա թուրքական հարձակումների ժամանակ։ Նման այլընտրանք ունե՞նք։

- Ես չեմ տեսնում։ Շատ անորոշ կարող ենք հույս դնել Իրանի աջակցության վրա։ Բայց եթե օրվա իշխողները երկիրը տանում են արեւմտյան ուղղությամբ, ապա դա լիովին բացառվում է․ մեզ թույլ չեն տա արտաբերել անգամ «Իրան» բառը, ուր մնաց թե Իրանի հետ մերձենանք։

- Ուրե՞մն։

- Աշխարհագրորեն ամենամոտը Ռուսաստանն է՝ պատմականորեն, մշակութային ընդհանրությամբ, քրիստոնեության հիմքի վրա ձեւավորված հոգեւոր մերձությամբ։ Ռուսաստանը ոչ թե ընտրվել է ժամանակի մեր առաջնորդների քմահաճույքով կամ ինչ-որ ազդեցության գործակալների դրդմամբ, այլ օբյեկտիվորեն է դա եղել։ Ռուսաստանի՝ դեպի հարավ իր ազդեցությունը տարածելը համընկել է մեր իղձերի հետ, եւ դա օբյեկտիվ պատմական ընթացք է եղել, արհեստական ոչինչ չկա այստեղ։ Իսկ այն, ինչին մեզ մղում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Եվրամիության ղեկավարությունը, սպառնալիք է մեզ համար։ Արեւմուտքի գործակալը մեր տարածաշրջանում Թուրքիան է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել