Երբ մենք Ադրբեջանի 5 կետերից հետո իրենցից ստացել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, կարող եմ ասել, որ այդ տեքստը, ըստ մեզ, այդքան էլ խաղաղության համաձայնագրի նման չէր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատելիս այն դարձրել էր շրջանակային խաղաղության համաձայնագիր: Ո՞րն է պատճառը, որ մենք ուզում էինք, որ այն դառնա շրջանակային խաղաղության համաձայնագիր: Որովհետեւ եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, պետք է բոլոր խնդիրներում շրջանակային համաձայնության գալ, թե ոնց ենք առաջ շարժվելու, դա կլինի դելիմիտացիա, կլինի ապաշրջափակում, կլինի Լեռնային Ղարաբաղ եւ այլն, եւ մեր աշխատանքի արդյունքում մենք դարձրել էինք շրջանակային խաղաղության համաձայնագիր:

Այսինքն եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղության, ապա դա հնարավոր է անել, եթե հնարավորինս փորձենք անդրադառնալ բոլոր հարցերին: Հայկական կողմի մոտեցումը շարունկում է մնալ այսպիսին եւ բանակցում ենք, որ այն լինի շրջանակային: Ցաքուցրիվ մի քանի հարցի անդրադառնալով դժվար կլինի խաղաղության հասնել մեր տարածաշրջանում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել