Խորհրդարանն ընդունեց ժամկետային զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցնելու հնարավորությունն ընձեռող օրենքի նախագիծը, օրենքի փոփոխության կողմ էր նաև ընդդիմությունը։

Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը մեծացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»։

Ծրագիրը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։

«Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանվելու է պատվովճար ստանալու իրավունք։ Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- խորհրդարանում նախագծի քննարկմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա տեղեկացրեց, որ ծրագրի ներդմամբ դադարեցվելու է «Ես եմ» ծրագիրը։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ նախագծի ընդունմամբ առաջին քայլն է կատարվում պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ կողմ են քվեարկելու օրենսդրական փոփոխությանը։

Նախագիծն ընդունվեց ԱԺ-ի 91 կողմ, 0 դեմ ձայներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել