Lurer.com-ը գրում է.

Օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հատուկ ասուլիս էր հրավիրել, որտեղ անրադարձ էր կատարել Երևանի նախատոնական լուսավորության անցկացման ընթացքում թույլ տված բացթողումներին, որոնք հանրային լայն ռեզոնանս էին առաջացրել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է այս խնդրով պարզաբանումներ տալիս ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ փոխքաղաքապետ Ավինյանը, սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ վերջինս այսուհետ բաց չի թողնելու և ոչ մի առիթ Սարգսյանին ստվերելու և նախընտրական արշավում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Իսկ Երևանի աննախադեպ՝ քաղաքային իշխանությունների պատկերացմամբ, իհարկե, լուսավորությունը թերևս բավական լավ առիթ է փիառվելու համար: Ավինյանը, բնականաբար, փորձում էր համոզել հավաքվածներին և երևանցիներին, որ լուսավորության անցկացման ժամանակ որևէ բացթողում չի եղել, ավելին՝ չմոռացավ մեղավորությունն ուղղել նաև նախկինների կողմը:

Սակայն, Ավինյանի հայտարարությունները հերքվեցին թերևս ամենաանսպասելի աղբյուրի՝ քաղաքապետ Հրաչա Սարգսյանի կողմից: Ասուլիսից հետո վերջինս հանդես եկավ գրառմամբ, որտեղ բառացիորեն հայտարարում էր, որ լուսավորության անցկացման ընթացքում թույլ են տրվել բացթողումներ, որոնք պետք է շտկվեն:

Ինչպես երևում է, Հրաչյա Սարգսյանը, ով հրապարակավ հայտարարում է, որ որևէ խնդիր չի տեսնում որպես Երևանի քաղաքապետի թեկնածու Ավինյանի և ոչ թե իր թեկնածությունը առաջադրելու հարցում, այնուամենայնիվ այդ հանգամանքը հալած յուղի չի պես ընդունում և առիթը բաց չի թողնում թիմակցին քաղաքական կսմիթներ հասցնելու համար: Կարող ենք ասել, որ Սարգսյանը, փաստացի, Ավինյանի սրած բիզը ուղղեց հենց նրա իսկ կողմը՝ «եթե հաջողությունները քոնն են, ապա բացթողումներն էլ են քոնը սկզբունքով», մինչդեռ ակնհայտ էր, որ հաջողությունների վրա փիառվող Ավինյանն ամեն կերպ ձգտում է խուսափել ամեն տեսակ ձախողումներից, ի վերջո հենց դա է պահանջում քաղաքապետի թեկնածուի իր իմիջը:

Սա Սարգսյան-Ավինյան զույգի միջև եղած առաջին առճակատումը չէ։ Փոխքաղաքապետ նշանակվելուց հետո Ավինյանը Սարգսյանի ձեռքից փաստացի խլեց վերջինիս PR-ի գլխավոր գործիքներից մեկը: Եթե մինչ այդ ապամոնտաժվող շինությունների մասին բոլոր լուրերը ավետում էր քաղաքապետը, ապա արդեն մի քանի շաբաթ է՝ Ավինյանը փորձում է այդ պրոցեսը փոխկապակցել իր անվան և իր «սկզբունքային դիրքորոշման» հետ՝ ստվերում թողնելով քաղաքապետին:

Շաբաթներ առաջ էլ ՄՊՀ-ն վարույթ էր հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ: Այսինքն, ըստ ՄՊՀ-ի, խախտումը տեղի է ունեցել հենց Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Այստեղ ուշագրավ երկու դրվագ է պետք առանձնացնել, որպեսզի պատկերն ամբողջական դառնա: Առաջինը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը համարվում է Տիգրան Ավինյանի մտերիմը և երկրորդը՝ վարույթը հարուցվեց Հրաչյա Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ողջ ընթացքը գտնվել է իր անմիջական կուռացիայի ներքո: Ինչպես տեսնում ենք՝ այժմ Սարգսյանը պատասխանում է Ավինյանին՝ վերջինիս վերադարձնելով «պարտքը»:

Այսօր էլ Սարգսյանի որոշմամբ քաղաքապետի խորհրդական է նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը, ով, հիշեցնենք, հրապարակավ քննադատել էր Եռաբլուրում ոստիկանության կողմից՝ զոհված զինծառայողների հարազատների դեմ կիրառված բռնությունը, ինչից անմիջապես հետո ազատման դիմում էր գրել: Այժմ, փաստացի Սարգսյանը վերադարձնում է Կատվալյանին քաղաքապետարան՝ արդեն իր խորհրդականի կարգավիճակով: Թե ինչով կավարտվի այս հեռակա հակամարտությունը և որքան երկար այն կտևի՝ ցույց կտա ժամանակը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել