Hraparak.am-ը գրում է.

Իսրայելի Երուսաղեմ քաղաքում մոտ 5 օր առաջ 2 իսրայելցի զինվորական հարձակվել են հայ հոգեւորականների վրա։ Նրանք, տեսնելով հայկական խաչը հոգեւորականների ձեռքին, մոտեցել են ու թքել խաչի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի հին քաղաքի հատվածում։ Այլ ֆիզիկական ուժ չի կիրառվել։

Իսրայելում գործող «Նոյան տապան» հայկական կենտրոնի խոսնակ Մենդել Կորսունսկին մեզ տեղեկացրեց, որ հայ եկեղեցին դիմել է ոստիկանություն, 2 զինվորականն էլ ձերբակալվել են։ Բայց սա առաջին անգամ չէ, երբ Երուսաղեմի հայկական եկեղեցին ագրեսիայի է ենթարկվում։

«Սակայն առաջին անգամ է, երբ զինվորականները, ովքեր պարտավոր են պաշտպանել երկիրն ու նրա ժողովրդին՝ անկախ նրանց դավանած հավատքից ու ազգային պատկանելությունից, իրենց այդքան խայտառակ ձեւով են պահում հոգեւորականների նկատմամբ։ Իսրայելում տարբեր կոնֆեսիաները սահմանադրությամբ հավասար կարգավիճակ ունեն, սակայն, ինչպես երեւում է, տարբերություն կա թեորիայի եւ պրակտիկայի միջեւ։ Եվ որքան էլ ցավալի չլիներ, բայց հենց Հայոց պատրիարքարանին է սա վերաբերում, քանի որ միայն հայ եկեղեցին ունի շատ մեծ իրավունքներ Երուսաղեմի հին քաղաքում, եւ բնական է, որ դա խանգարում է հանրության որոշ շերտերի»,- ասաց Կորսունսկին։ Խոսնակը հավելեց, որ, իր կարծիքով, այս վերջին միջադեպն ուղիղ կապ ունի Իսրայելում վերջին ընտրությունների հետ։ Կորսունսկին հավելում է, որ տեսանյութի տակ, որը հետագայում ջնջվել է Յութուբից, կարդացել է բազմաթիվ իսրայելցիների մեկնաբանություններ, որտեղ նրանք ոչ միայն գովում են իսրայելցի զինվորականների պահվածքը, այլեւ ոմանց մեկնաբանությունները ֆաշիստական ու քսենոֆոբիայի դրսեւորման, քրիստոնեական հավատքի ու, ընդհանուր առմամբ, հայերի նկատմամբ ատելության վառ դրսեւորումներ են եղել:

Երուսաղեմի Մատենադարանի տեսուչ հայր Գեւորգ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ նման միջադեպեր հաճախ են լինում, եւ դա պայմանավորված է իսրայելցիների հավատավոր շերտի ծայրահեղականությամբ։

«Նրանք համարում են, որ այդպիսով պղծվում են, եւ որպեսզի այդ պղծությունն ինչ-որ կերպ դուրս հանեն իրենց միջից, կա՛մ աչքերն են փակում, կա՛մ թքում են, ու նմանատիպ բաներ։ Իրենց համար մեր կրոնը հեթանոսական պաշտամունք է, իսկ հեթանոսությունը, ըստ իրենց, իրենց երկրում անհանդուրժելի բան է։ Այսինքն՝ նմանատիպ կաղապարված բաներ ունեն»,- ասաց հայր Գեւորգը։

Մեր հարցին, որ զինվորականները պատահական մարդիկ չեն, Երուսաղեմի Մատենադարանի տեսուչն ասաց, որ նրանց մեջ էլ կան ծայրահեղականներ, ովքեր, նմանատիպ ընտանիքներից գալով, անհանդուրժող են։ Ինչ վերաբերում է Իսրայելի իշխանություններին, ապա նման դեպքերում Հայ եկեղեցին բողոք է ներկայացնում ոստիկանություն, սակայն երբեմն պատահում է, որ չեն շտապում դիմել ոստիկանություն, քանի որ, վիրավորական պահվածքին ի պատասխան, հայերն էլ կարող են դաստիարակչական ապտակ հասցնել։

«Նույնիսկ ոստիկաններն այդ խավերի վրա մեծ իշխանություն չունեն՝ նրանք անկառավարելի խավ են»,- նշեց հայր Գեւորգ Հայրապետյանը։ Հայ եկեղեցու հոգեւոր սպասավորը ասաց նաեւ, որ նման վարքը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն խրախուսվում է այդպիսի հրեաների ընտանիքներում, այլեւ կարող է ուղղորդվել նաեւ ռաբինների կողմից, քանի որ նույնիսկ փոքր երեխաներն են նման վարք դրսեւորում քրիստոնյաների, հայերի նկատմամբ։ Բացի այդ, ծայրահեղականների այս խավը կազմում է Իսրայելի հասարակության կորիզը, նրանց հավատքի հիմնական սյունը։

Երուսաղեմի հայ եկեղեցու հոգեւոր սպասավորը նշեց նաեւ, որ, ի թիվս այդ իսրայելցիների, կա նաեւ կիրթ հատված, որը դատապարտում է նման դրսեւորումները, իսկ նրանցից ոմանք, կամավոր հիմունքներով, այն օրերին, երբ հայ հոգեւորականները թափորով պիտի անցնեն Երուսաղեմի փողոցներով, ուղեկցում են թափորը՝ հայ հոգեւորականներին ու հայ համայնքի ներկայացուցիչներին նման տհաճ դրսեւորումներից պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ խոսքն Իսրայելի ամենածայրահեղ ուղղափառ թեւի մասին է, որի համար ընդունելի չէ ոչ միայն քրիստոնեությունը, այլեւ մյուս հավատքները, եւ պարբերաբար ամենակոպիտ ու անընդունելի ձեւերով դրսեւորում են իրենց անհանդուրժողականությունը ոչ միայն տարբեր հավատքների, այլեւ նույնիսկ սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք բախտի բերմամբ ծնվել կամ մեծացել են այլ երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել