Armsport.am-ը գրում է.

Երեկ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և տնօրենների խորհուրդը՝ Պավել Նեդվեդի գլխավորությամբ, հրաժարական է տվել:

Դրանից անմիջապես հետո Exor ընկերությունը, որին պատկանում է ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, նշել է ակումբի նոր նախագահի գլխավոր թեկնածուի անունը: Նա Ջանլուկա Ֆերերոն է։

«Ֆերերոյի ամուր փորձն ու կոմպետենտությունը, ինչպես նաև նրա կիրքը բյանկոներիների նկատմամբ, նրան դարձնում են լավագույն թեկնածուն այդ պաշտոնի համար», – ասվում է հայտարարության մեջ: Միաժամանակ նոր նախագահի անունը պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ։

Ֆերերոն աշխատել է որպես մենեջեր, հաշվապահ և աուդիտոր բազմաթիվ ընկերություններում, իսկ այժմ իտալական բանկերից մեկի փոխնախագահն է։

«Յուվենտուսի» ղեկավարությունն ամբողջովին կվերակազմավորվի: Գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվի տնօրենների խորհրդի նոր կազմը: Այս պահին «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանի արդյունքներով ռեկորդային 254,3 մլն եվրո կորուստ է կրել, ինչի պատճառով էլ հրավիրվել է բաժնետերերի խորհուրդը: Այն կկայանա դեկտեմբերի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել