Լֆյատա
(Սովորական) լֆյատա, կամ հայկական լֆյատա, կամ շեկալֆիկ (լատ.՝ Canis lficus), Սամվելիչների ընտանիքի կաթնասուն:
Գիտական դասակարգում
Թագավորություն՝ Կենդանիներ
Տիպ՝ Քորդավորներ
Ենթատիպ՝ Ողնաշարավորներ
Դաս՝ Կաթնասուններ
Կարգ՝ Գիշատիչներ
Ընտանիք՝ Սամվելիչ
Ցեղ՝ Ալեքսանդրական
Տեսակ՝ Պուճուր լֆիկ
Արեալ՝ Հայկական լեռնաշխարհ (Սիթի կիսաանապատներ)
Արտաքին տեսքը
Լֆյատան - ոչ մեծ կենդանի է, չափերով համապատասխան միջին մարդուն։ Ընդհանուր տեսքով շատ նման է Բանական մարդուն (Homo sapiens): Մարմնի երկարությունը առանց պոչի հասնում է 170 սմ-ի։ Կշռում է 75 - 95 կգ, երբեմն մի փոքր ավելին։ Ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր (դրանից օգտվելով հաճախ նրանք սպառնում են Բանական մարդուն «Կոկորդդ կքերեմ» զգուշացումով)։ Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է: Պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի լֆյատան փոխում է իր գույնը։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ: Ունի 32 ատամ, ինչպես բոլոր Canis ցեղի ներկայացուցիչների մոտ։ Լֆյատայի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Յուրաքանչյուր ծնոտին ունի 4 կտրիչ, 2 ժանիք, 6 աղորիք, 4 նախաաղորիք։ Լֆյատայի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։
Անհիշելի ժամանակներից լֆյատան բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել և մնում է մարդու (քաղաքացու) մրցակիցը։ Ընտելացնելով լֆյատային չար մարդիկ ստեղծել են հավատարիմ «5 մանեթանոց ղժղժաններ» (հաճախ անվանվում են նաև «լաչառներ»):
Ապրում է Հայաստանի Սիթի կիսաանապատներում, երբեմն հանդիպում է «շաքարեղեգի» թփութներում: Սնվում է Բանական մարդկանց ներվերով ու էներգետիկայով: Ապրում են խմբերով, ավելի հաճախ շրջում են ոհմակով: Կյանքի տևողությունը 60-80 տարի է։ Լֆյատաները գրավում են որոշակի տարածք (300-600 ք/մ), նշագծում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Լֆյատաները իրենց ներկայությունը արտահայտում են ղժղժոցի միջոցով։ Լաչառավարի ղժղժոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Լֆյատաներն ավելի ակտիվ են նորակառույց տարածքներում։ Նրանք կարողանում են վազել 10-20 կմ/ժ արագությամբ և մեկ ցերեկվա ընթացքում հաղթահարում են մայրաքաղաքի ողջ տարածքը։ Գիտնականները տարբերակել են լֆյատայի դեմքի ավելի քան 9 արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, շողոքորթություն, հորթային ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, անհանգստություն և վախ:
Հայաստանում լֆյատաները ընդգրկված են Բանական մարդկանց սև ցուցակում։



