Lurer.com-ը գրում է.

Սև ծովից մինչև Էգեյան ծով և ամբողջ Միջերկրական ծովը վերահսկելու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա կհայտնվի հունական Լարիսա քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Parapolitika թերթը։

Նշվում է, որ ութ արդիականացված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր արդեն տեղակայվել են Հունաստանի 110-րդ կործանիչ ավիացիոն գնդի օդանավակայանում։ Առաջին չորս սարքերը բերվել են երկիր և հավաքվել Լարիսայում, մնացած չորսը բերվել են պատրաստի վիճակում։ Հունաստանի զինված ուժերն արդեն բանակցություններ են սկսել իրենց համար երեք այդպիսի անօդաչու թռչող սարքեր գնելու շուրջ, գրում է թերթը։

Հոդվածում ասվում է, որ MQ-9 Reaper-ն ունակ է աշխատել շատ ավելի երկար, քան թուրքական Bayraktar TB2-ը։ Ամերիկյան անօդաչու սարքերը հրթիռներ չեն կրում, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են համալրվել «օդ-գետին» և «օդ-օդ» հրթիռներով։

ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը ունակ են հետևել «թշնամուն», իրական ժամանակում պատկերներ փոխանցել օպերատիվ կենտրոններ, հավաքել տվյալներ, ինչպես նաև մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին:

Նշվում է, որ ԱՄՆ-ն 33,5 մլն դոլար է ներդրել Լարիսայում գտնվող ավիաբազայում։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել