Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն, որը ներառելու է Ոստիանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։

Նիկոլը, փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել նոր նախարարության ստեղծումը, ասել է.«Ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, որ այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է: Սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը մենք հետապնդում ենք, և ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է»:

Նիկոլի խոսքերը խիստ հերթապահ են թվում: Խնդին այն է, որ ՔՊ-ական իշխանությունն առաջին անգամ չէ, որ ձեռնամուխ է լինում պետական օղակները մեկտեղելու գործին. ժամանակին, օրինակ, երբ որոշում էր ընդունվում՝ ստեղծելու ԿԳՄՍՆ, բաժակաճառային բովանդակության խոստումնալից մեկնաբանությունների պակաս ընդհանրապես չէր զգացվում, և Նիկոլի մանկլավիկները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում էին, որ քանի որ խնդիր ունեն՝ նախարարութունների գործունեությունն էականորեն բարելավելու, ուստի գտել են ձևը՝ «ժեշտը ոսկու վերածելու»: Մինչդեռ նախարարությունների միաձուլումը ոչ միայն չբերեց ակնկալվող դրական արդյունքի, այլև պատճառ դարձավ համակարգային դեգրադացիայի, և հիմա ունենք այն ինչ ունենք,իսկ ավելի ճիշտ՝ է՛լ ոչինչ չունենք:

Շատ մեծ է հավանականությունը, որ Ներքին գործերի նախարարության ստեղծման դեպքում նույնպես կարճ ժամանակ անց «կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»՝ նկատի ունենալով, թե ում ձեռքն է այդ գործին դիպչել:

Նիկոլն ասում է, թե խնդիր ունեն Ոստիկանության աշխատանքի որակի բարելավման: Հարց՝ ինչի՞ հետևանք է Ոստիկանության ՕԳԳ-ի անկումը: Պատասխան՝ գերքաղաքականացվածության. քաղաքական իշխանությունները տարիներ ի վեր ստրուկի պես շահագործում են Ոստիկանությանը՝ սեփական աթոռը պահելու, ընդդիմադիրներին ճնշելու կամ ասենք «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու: Բոլորն են թերևս հիշում հետպատերազմյան առաջին շրջանը, թե ինչպես էր Նիկոլը Կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալու համար իր հետևից քարշ տալիս հազարավոր ոստիկանների: Դե իսկ ընդդիմության քաղաքական պայքարի ճնշման գործում ներգրավված ոստիկանական լայնածավալ ռեսուրսների մասին ընդհանրապես չարժե խոսել: Այսինքն՝ անվազը հետպատերազյան ամբողջ ընթացքում իրավախահները զբաղված են եղել իրենց բուն գործառույթի հաշվին ՔՊ-ականների ամբիցիաների սպասրակմամբ, ինչի հետևանքով երկրում, ըստ վերջին վիճակագրական տվյալների, հանցագործության մակարդակը բարձրացել է, քրեածին իրավիճակը՝սրվել, և բացասական դինամիկան տարեցտարի անհնար է դառնում զսպել:

Քանի դեռ իշխանության են հայրենակործան ուժերը, որևիցէ իրական բարեփոխում պետք չէ ակնկալել, քանզի սրանց ամեն մի քայլը գծագրվում ու իրականացվում է բացառապես քաղաքական հաշվարկներից ելնելով, իսկ շատ հաճախ՝ դրսից եկած պատվերների համաձայն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել