Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա:

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնականը – խմբ․) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է հանդիպմանը մեկ պայմանով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս պետք է մասնակցի բանակացություններին։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ այդ մասին նոյեմբերի 25-ին ասել է Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» համաժողովի ժամանակ։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիան չի կարող Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս լինել, քանի որ Մակրոնը Պրահայի հանդիպումից հետո հակաադրբեջանական հայտարարություններ է արել, իսկ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել։ Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցում News.ru կայքը։

Համաժողովին իր ելույթում Ալիևը անդրադարձել է նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցին․ «Մենք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ վերջին հանդիպումների ժամանակ։ Չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա արգելափակել այն։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա նույնպես չի անի դա, քանի որ հետաքրքրված է տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերով։ Այս նախագծերը ոչ թե ուղղված են որևէ մեկի դեմ, այլ ընդհակառակը, օգուտ կբերեն բոլոր կողմերին»,- նշել է նա, փոխանցում է Turan-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել