«Ատոմէքսպո 2022»  միջազգային համաժողովին հայկական կողմը ստանդարտ հանդիպումներ է ունենում «Ռուսատոմ» ընկերության ղեկավարության հետ, քննարկել են Մեծամորի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը վերաբերող հարցեր, և նախատեսված կառուցվելիք  էներգաբլոկի նախագծին առնչվող հարցեր։

Կողմերն աշխատում են նախնական տեխնիկական տեսական հիմնավորման վրա, որոշակի հարցեր քննարկել են, հաջորդ հանդիպումը նախատեսված է տարվա ավարտին։

Այս մասին Սոչիում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ով մասնակցում է «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին։

Tert.am-ի հարցին, թե դեռևս սեպտեմբերի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատնեց, որ 2025-2026թթ է նախատեսված է նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկը, արդյո՞ք այդ ժամկետն ուժի մեջ է, փոխնախարարն ասաց, որ կհասցնեն  նախատեսված ժամկետում աշխատանքներին մեկնարկ տալ․«Որոշակի փաստաթղթեր ստորագրված են, օրինակ, նոր բլոկի հուշագիրը, արձանագրություններ  հանդիպումների ու գործողությունների ծրագրի վերաբերյալ և այլն։ Ըստ ժամանակացույցի գնում ենք առաջ»։

Հաջորդ հարցին, թե ի՞նչ է սպասվում ֆինանսական մասում, ո՞վ է ֆինանսավորելու կամ աջակցելու նոր էներգաբլոկի կառուցման համար, վա՞րկ է տրամադրվելու, թե՞ այլ տարբերակ կա, Հակոբ Վարդանյանն ասաց, որ մինչև չավարտվի նախնական հաշվարկները, վաղ է խոսել ֆինանսավորման մասին․«Ուղղակի ընդունված պրակտիկա է աշխարհում՝ որ երկրի տեխնոլոգիան որ օգտագործում ես, այդ երկրից էլ ֆինանսական միջոցները ներգրավվում են, մանավանդ հիմա շատ բարդ է  պատկերացնել ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմային կայանի կառուցումն այլ երկրի ֆինանսական աջակցությամբ։ Եթե կառուցենք ռուսական դիզայնով  ատոմային կայան, ապա կլինի նաև ռուսական ֆինանսավորում»։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ ռուսական կողմը բազմիցս է հայտնել, որ պատրաստ է վարկ տրամադրել, սակայն պայմանները և այլ հարցերն այս պահին քննարկելը դեռ վաղ է։

Հարցին, թե ի՞նչ հզորությամբ կայանի կառուցման շուրջ են քննարկումները, Վարդան Հակոբյանն ասաց, որ այս պահին քննարկվում է 1000-1200մեգավատտ հզորությամբ բլոկի կառուցման հարցը, հիմա աշխատանք է տարվում այն ուղությամբ, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք այդ բլոկը համատեղելի է Հայաստանի էներգահամակարգի հետ։

 Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ փոխնախարարն ասաց, որ 2036 թվականին նոր կայանն արդեն պետք է պատրաստ լինի ամբողջական շահագործման, 2034-2035 ցանց մտնելու փորձակումները պետք է կատարված լինեն, 2-րդ էներգաբլոկի շահագործումը դադարեցնելուն զուգահեռ նոր կայանը պետք է ամբողջովին շահագործվի։

Նա նաև հավելեց, որ աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ շատ հարցեր կարող են փոխվել, բացի այդ, այլ գործոններ ևս կան սկսած սպառողների թվից, որոնք ավելացել են․ «Հիմա մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, միգուցե վաղը հնարավորություն ունենանք իրենց հետ զուգահեռ աշխատելու, և դա լրիվ իրավիճակ է փոխում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել