ԱԻՆ-ի քիմիկներին չի հաջողվել պարզել ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողության վատացման պատճառ դարձած տարօրինակ հոտի պատճառը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Բանն այն է, որ մինչ ԱԻՆ փրկարարները կժամանեին դեպքի վայր, տեղում իրականացրել են օդափոխություն, բացվել են դռներն ու պատուհանները, հոտը դուրս է եկել: «Մեր խումբը տեղում փորձել է նմուշառում իրականացնել, փակել են դռներն ու պատուհանները, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որտեղ է արտահոսքը: Ցավոք ոչինչ չի հայտնաբերվել»,- ասաց Կոստանյանը: Նա նշեց, որ վաղը համալսարանի շենքը սովորականի նման կշահագործվի, քանի որ վտանգավոր բան չկա: Ինչ վերաբերվում է տուժածներին, ապա ոչ ոք բժիշկի չի դիմել, ոչ մեկը լրջորեն չի տուժել:

Հիշեցնենք, որ ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել