Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ավդալյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Սակայն բժշկուհին, ում նկատմամբ ոտնձգություն է կատարվել, առողջապահության համակարգում և հանրության շրջանում համարվում է իր գործին նվիրված, միշտ հավատարիմ  է եղել Հիպոկրատի երդմանը, ու նրա բժշկական գործողությունների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների, որոնք գտնվելիս են եղել ծայրահեղ ծանր վիճակում։ 

Անգամ բժշկուհու նկատմամբ ոտնձգություն կատարելուց հետո, բժշկուհին շարունակել է իր կոչմանը հավատարիմ բժշկական օգություն ցուցաբերել պացիենտին։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից, թե ինչպես են այդ մի խումբ անձինք հարձակվում անվտանգության աշխատակցի վրա, բռնության կիրառում նրա նկատմամբ։

SHAMSHYAN.com-ի տրամադրության տակ կան նաև տեսանյութեր, թե ինչպես է բժշկուհու նկատմամբ ոտնձգություն կատարվում։

Բժշկուհու վերաբերյալ տեսանյութն այս պահին չենք հրապարակում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել