Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Պտղունք գյուղի վարչական տարածքում գտնվող «Կեչուտ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Խլղաթյանը իր մոտ գտնվող որսորդական հրացանին նմանվող հրազենով կրակոցներ է արձակել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 37-ամյա Արթուր Կարապետյանի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կարապետյանը Տարոնիկ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն է, նրա հետ էլ ավտոմեքնայում եղել է համագյուղացի՝ 35-ամյա Քերոբ Մուրադյանը։ Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար՝ տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայի տարբեր հատվածներ վնասվել են։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Խլղաթյանին, ով այնուհետև ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Բայկալ» տեսակի ողորկափող հրացանը։

Նա հայտնել է, որ հրացանը պատկանում է իրեն և ինքն է կրակել։ Վերջինս ոստիկանության Վաղարշապտի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ա․ Խլղաթյանը Տարոնիկի նախկին գյուղապետն է։ 

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել