Ընդդիմությունը դուրս էր եկել պայքարի, որպեսզի հեռացնեին իշխանությանը, իրենք գային իշխանության, բայց նկատեցին, որ հասարակության լայն շրջանակներում  աջակցություն չունեն, հետևաբար հրաժարվեցին այդ տարբերակից և վերադարձան խորհրդարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու որոշմանը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ընդդիմության և իշխանության դասական համագործակցությունը կայանում է հակասությունների և պայքարի մեջ։ Ընդդիմությունը իշխանության կարևոր մաս է։ Այն պետք է վերհանի գործող իշխանության այս կամ այն բնագավառում թույլ տված սխալները, իշխանությունն էլ անում է ամեն ինչ, որ ընդդիմությանը քիչ հնարավորություն տա իր վրա խոսելու, ինչից շահում է գործը»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք իշխանությունը կարող է գնալ  Նիկոլ Փաշինյանի փոխարեն ՔՊ-ի ներսից  մեկ ուրիշին ընրելու և վարչապետի պաշտոնում  առաջադրելու՝ ընդդիմության առաջարկած ճանապարհով, Աղազարյանը ասաց․

«Ընդդիմությունը մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները որպես վարչապետի թեկնածու առաջադրել էր Վազգեն Մանուկյանին, հետո նահանջեցին հսկայական քայլով և համաձայնվեցին, որ ոչինչ թող Փաշինյանը դուրս գա, բայց ձեզանից մեկ ուրիշը լինի, դա առաջընթաց կարելի է համարել։ Մյուս կողմից շատ լավ գիտեն՝ ով է Նիկոլ Փաշինյանը և ինչ նշանակություն ունի թիմի համար, իրենց այդ քայլը մանիպուլյատիվ քայլ է։ Ես ընդդիմության հանրահավքները կարող եմ համարել վստահության հանրաքվե, իրենք տեսան, որ հանության շրջանում լայն աջակցություն չունեն»։

Աղազարյանը անդրադարձավ բանակցություններին՝ նշելով․

«Բանակցություններից ես գոհ չեմ, բանակցություններից գոհ չեն Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Պուտինը, բանակցություններից ոչ ոք գոհ չէ, բայց բանակցությունները պետք են։ Մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ ՀՀ –Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել  Արցախ- Ադրբեջան հարաբերություններից, որովհետև Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իսկ մենք որպես պետություն պարտավոր ենք անել հնարավորը օժանդակելու մեր հայրենակիցներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել