168.am-ը գրում է․

Բրյուսովում դեռ սպասում են Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց նամակի պատասխանին:

«Խոստացել են պատասխանել մեկ ամսվա ընթացքում կամ մի փոքր ավելի շուտ, սպասում ենք: Մինչ այդ դասերն ընթանում են սովորականի նման, հիմա հեռակա համակարգում սովորող ուսանողներն են դասերի, իսկ առկա ուսուցման համակարգում սովորողների մոտ քննական շրջան է»,- 168.amին հայտնեցին Բրյուսովի համալսարանից:

Ի դեպ, հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել էր համալսարանի պատվիրակության հետ, որի կազմում էին ռեկտոր Կարինե Հարությունյանը, ռեկտորի գլխավոր խորհրդական Գ. Թամրազյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Կ. Բոզոյանը, Ուսանողական խորհրդի անդամ  Է. Զատիկյանը: Համբարձում Մաթևոսյանը, կարևորելով ուսանողի կրթական իրավունքի գերակայությունը, ուսանողներին հորդորել է դադարեցնել դասադուլը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին:

«Եղել է պայմանավորվածություն, որ դեռ սպասելու ենք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանին։ Խոստացան սեղմ ժամկետում պատասխանել»,- հանդիպումից հետո մեզ հետ զրույցում ասել էր համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

Քննարկման ընթացքում պարզաբանվել էր, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավոր է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն:

«Մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է ստեղծել 5-8 բուհ։ Մեր պահանջն է՝ ներկայացնել նաև միավորվող բուհերի ուղղությունները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե էլ ի՞նչ ուղղությամբ բուհեր պետք է ստեղծվեն, ըստ որի՝ նոր սկսենք խոսել միավորման մասին։ Չի կարելի միայն մանկավարժական հենքի վրա միավորել, գուցե մեզ պետք է հումանիտար հասարակական բուհ, իսկ այսօր նման կրթություն տվող ամենամեծ բուհը Բրյուսովի համալսարանն է»,- նշել էր համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանը:

Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել և հաստատվել դրա կազմը: Նշված որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը պետք է մշակի և Նիկոլ Փաշինյանին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք, այդ թվում՝ նաև առաջարկներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել