168.am-ը գրում է․

Այսօր Վաշինգտոնում կկայանան Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցություններ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի -֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Սա Սոչիում հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո հերթական ամերիկյան նախաձեռնությունն է, որը հաջորդում է նաև Պրահայում հոկտեմբերի 6-ին արևմտյան հարթակում կայացած քառակողմ բանակցություններին և նախորդում ավելի վաղ հայտարարված Փաշինյան-Միշել-Ալիև տարեվերջին սպասվող բանակցություններին:

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը 168.amի հետ զրույցում ասաց, որ Սոչիի գագաթնաժողովից անմիջապես հետո ամերիկյան նախաձեռնության գլխավոր նպատակն է՝ «հիշեցնել» կողմերին, որ նրանք բանակցում էին արևմտյան հովանու ներքո և արդեն ունեն որոշ համաձայնություններ: Նրա գնահատմամբ, ամերիկյան կողմի այս ուղղությամբ ներգրավումը նպատակ ունի աջակցել և ամրապնդել բրյուսելյան գործընթացը: Վերլուծաբանի կարծիքով, առանձին օրակարգ այս հարցում ԱՄՆ-ը չունի:

«Եթե ավելի պարզորոշ բնութագրենք, ապա ԱՄՆ խնդիրն է՝ իր ազդեցությունն օգտագործելով, իր բարձրաստիճան միջնորդություններով նպաստել Բրյուսելի միջնորդական ջանքերի ապագա հաղթանակին: Որքան հասցնում եմ հասկանալ, առանձին փաթեթ Վաշինգտոնը չի քննարկում, այլ միայն իր դերը տեսնում է բրյուսելյան օրակարգը խթանելու մեջ, որի հաջողության հարցում շահեր ունի նաև ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը, սակայն, այս ակտիվությամբ, իր առանձին դերակատարմամբ ընդլայնում է իր ազդեցությունը՝ առանց ամենօրյա ծանր միջնորդական աշխատանքի: Սակայն բովանդակային առումով վստահաբար որոշ հարցեր կքննարկվեն, հումանիտար նախաձեռնություններ, սակայն երևի թե ոչ ավելի»,- ասաց փորձագետը:

Նա ընդգծեց, որ վաշինգտոնյան քննարկումը չի լինելու Սոչիի շարունակությունը, այլ ավելի ճիշտ՝ Պրահայի քառակողմ բանակցությունների ու այդ ձևաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակությունը:

«Եթե ավելի հետ գնանք, ապա սեպտեմբերին ԱՄՆ-ը իր նախաձեռնությամբ առաջին բարձրաստիճան միջնորդական հանդիպումներն է անցկացրել, ամենայն հավանականությամբ, նաև այդ հանդիպումների շարունակությունն է լինելու գալիք հանդիպումը: Չեմ կարծում, թե բեկումնային պայմանավորվածություններ են ձեռք բերվելու Վաշինգտոնում, սակայն արևմտյան հարթակում գործընթացի շարունակականության տեսանկյունից սա անկյունաքարային նախաձեռնություն է և կողմերին պետք է որ թույլ չտա շեղվել պայմանավորվածություններից կամ շեղվել՝ Ռուսաստանի միջնորդության կողմ: Այստեղ մի փոքր կասկածով, քանի որ Ռուսաստանը թեև նախաձեռնեց հանդիպում, սակայն ունի հեռադիր պահվածք»,- մեկնաբանեց եվրոպացի վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ բեկումներ պետք է սպասել Բրյուսելում սպասվող հանդիպումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել