MediaHub.am-ը գրում է․

Երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած չորս քաղաքացիներից երկուսը մի ընտանիքից էին՝ մայր ու որդի։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը։ 

Նրա խոսքով՝ 47-ամյա Սաթենիկ Դավթյանն ու նրա որդին՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը եղել են երթուղայինի մեջ։

«Ընտանիքի միակ որդիմն էր Հրաչյան, երկու քույր ուներ, ամուսնացել, գնացել էին։ Տղան էր մնացել ծնողների հետ»,- նշեց համայնքապետը։

Քարակերտից էր նաև վթարի հետևանքով մահացած 19-ամյա Նոյա Կարապետյանը։ Մյուս զոհը Հացիկ գյուղի բնակիչ է եղել։

«Հացիկից ևս մեկ բնակիչ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- նշեց համայնքապետը։
Ըստ Հարթենյանի՝ վիրավորում ստացածներից հինգն էլ Դալարիկ համայնքից են եղել, նրանք էլ սալջարդեր ու պատռվածքներ ունեն։

«Այդ համայնքից մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում է, տեղափոխվել է հիվանդանոց»,- նշեց համայնքապետը։
Զոհերի ու վիրավորների մասին այլ մանրամասներ Հարթենյանը չհայտնեց։

Ինչ վերաբերում է դեպքի հանգամանքներին, ապա համայնքապետը նշեց՝ բնակիչների խոսքից հասկացել է, որ վարորդն արագ է վարել, փորձել է վազանց անել ու հարվածել է սահմանված հատվածով շրջադարձ անել ցանկացող մեքենային։

«Հիմա, երբ դեպքը եղավ, նոր մարդիկ սկսեցին նշել, թե այդ վարորդն արագ էր վարում, միշտ էլ նման խնդիր եղել է»,- նշեց համայնքի ղեկավարը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին համայնքը սպասարկելու է մեկ մեքենա, թե ինչ վիճակում է այդ մեքենան, վարորդի հետ կապված դժգոգություններ ունե՞ն քաղաքացիները, թե ոչ, համայնքապետը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի, անգամ չգիտի՝ ով է երթուղին սպասրկող ընկերության սեփականատերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել