Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Այդ օրը ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանում բնակվող 70-ամյա Գրիգոր Թ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը որսորդական հրացանից կրակել և վնասել է Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող իր առանձնատան երկրորդ հարկի եվրոպական արտադրության դուռը, ինչի հետևանքով իրենց պատճառվել է մոտ 90 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված  արարքը կատարել է Եղվարդ քաղաքում բնակվող 36-ամյա Էդգար Նիկոլյանը, ում հետ ոստիկանները տանում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ ներկայանում է ոստիկանության Նաիրիի բաժին՝ ներկայացնելով նաև «ԻԺ» որսորդական ողորկափող հրացանը։


Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Նիկոլյանը Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի խորհրդականն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել