Armsport.am-ը գրում է.

Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում 9-5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։

Ամոյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից , որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), 1/8 եզրափակիչում նա 3-0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել էր ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովին:

Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 6-4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Թադևոսյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0, իսկ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել