Եթե մի 100 տարի հետո չեզոք դիրքերից ուսումնասիրեն «Արցախյան 44-օրյա պատերազմը», մարդիկ երևի շոկի մեջ ընկնեն, տեսնելով, որ բացի «նահանջ» հրամանից հայկական կողմի ղեկավարությունը ոչ մի էական գրոհ չի ձեռնարկել, եղած հակագրոհներն էլ եղել են ի սկզբանե տապալված, եղել են երրորդական դիրքերի ուղղությամբ ու, որպես կանոն, հետո այդտեղից էլ են նահանջել։
Ռուսական կողմի նահանջները ուկրաինական ֆրոնտում հիմնականում կապված են լոգիստիկ խնդիրների հետ։ Այսինքն գրավելը գրավել էին, բայց պահել չկարողացան. վառելիք չհասավ, զենք, զինամթերք չհասավ ու ստիպված եղան նահանջել։ Կապիտ ասած՝ պատերազմը սա է՝ հակագրոհներով ու գրոհներով, նահանջով ու առաջխաղացմամբ։ Ոչ թե մեր դեպքում. անտառներով ու ջորիների վրա եկած 2 դիվերսիոն խմբին Հադրութը հանձնեցին, 3 դիվերսիոն խմբին էլ՝ Շուշին, հետո էլ ասեցին՝ «չկարողացանք կռվել, սաղ փախան»։
Ռուսները Խերսոնի շրջանից օր կա 30 կիլոմետր նահանջում են։ Իսկ կռվի առաջին օրերին հնձելով գնում էին։ Սա է պատերազմի տրամաբանությունը։ Մեր պարագայում դա չեղավ, որովհետև մերը պատերազմ չէր։ Մերը դավադրություն էր, պայմանավորվածություն էր, առևտուր էր, դավաճանություն էր, բայց մերը պատերազմ չէր։ Պատերազմներն այսպիսին չեն լինում։ Չես կարող դու 1,5 ամսում 5000 զոհ տաս, հետո ասես՝ կյանքեր փրկեցի։ Չես կարող կամավորների մի մասին ուսումնական զորամասերում նստցնես, մի մասին էլ՝ ուղարկես տներով, ասես՝ կզանգենք, հետո դիվերսիոն խմբերին քաղաքներ զիջես ու ասես՝ «մարդ չկար, որ կռվեր»։
Տղերքը զոհվում էին համազգային ոգևորության մեջ։ Տղերքը գնում էին հաղթելու, մեկընդմիշտ փակելու էս հարցը, որ այն հետագա սերունդներին չմնա։ Հասարակությանը կերցնում էին Գետաշենի ու Շահումյանի ազատագրման, Գյանջայի օդանավակայանի պայթեցման լուրերով, այնինչի իրականում այս «պատերազմի» ելքը որոշված էր այն սկսելուց ամիսներ առաջ. մենք այս պատերազմը չպիտի հաղթեինք, ու դա գիտեին բոլոր կողմերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել