Hraparak.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և օկուպանտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Դատելով հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունից՝ հայկական կողմի համար հանդիպումը կարելի է գնահատել ձախողված առնվազն հետևյալ պատճառներով՝

1. Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ադրբերաջանաարցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ տարիների աշխատանքի արդյունքում կոնֆլիկտող կողմերի միջև համաձայնեցված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի, ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի աշխատանքները վերսկսելու մասին:

2. Հայտարարության մեջ որևէ արձանագրում չկա 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում) կոպտորեն խախտման արդյունքում Արցախի Հանրապետության Հադրույթի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն օկուպացնելու, նշված գյուղերից տվյալ ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին:   

3. Հայտարարության մեջ արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:

4. Հայտարարության մեջ որևէ արձանագրում չկա 2022թ. մարտի 24-ին ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների կոպտագույն խախտմամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները օկուպացնելու, նշված տարածքներից տվյալ ստորաբաժանումները անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին:

5. Հայտարարության մեջ որևէ խոսք չկա օկուպանտ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակման և Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու մասին:

6. Հայտարարության մեջ արտացոլված չեն արձանագրումներ առ այն, որ օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կիրառման Արցախի Հանրապետության նկատմամբ և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել