Hraparak.am-ը գրում է.

«Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորների փակ հանդիպումը, որը  տեւել է մոտ երկու ժամ:

Կարելի է ասել, որ փակ նիստում նոր բացահայտումներ չեն եղել եւ Նիկոլ Փաշինյանը ասել է այն, ինչ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ: Համենայն դեպս իշխանական մեր աղբյուրի պատմելով Փաշինյանն ասել է, որ վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում քառակողմ հանդիպմանը՝ Շառլ Միշել, Ալիեւ, Մակրոն, Փաշինյան պարզ կդառնա Ալիեւը հավատարիմ է նախնական պայմանավորվածություններին, թե ինչ-ինչ պատրվակներով հնարավոր է վիժեցնի պայմանագրի ստորագրումը:

Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ ամերիկյան հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում են կողմերը եկել նախնական համաձայնության, համաձայն որի կնքում են խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի ՝ դեռեւս մարտին առաջարկած հինգ կետերի համաձայն, սակայն հայկական կողմի այն խմբագրմամբ, որ կողմերը  ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ: Փաշինյանը թիմին վստահեցրել է, որ օրակարգից դուրս է եկել միջանցքի հարցը, կեսկատակ ասել է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է բանակցությունների ընթացքում վետո դրել «միջանցք» բառի վրա եւ ամեն ինչ արվելու է իբր այսուհետ այդ տերմինը, որ չօգտագործվի: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Փաշինյանը թիմին համոզել է, որ չնայած Արցախի հարցը դուրս է մնում պայմանագրից, սակայն դրանից հետո կնշանակվեն ներկայացուցիչներ Արցախից ու Ադրբեջանից եւ թող նրանք էլ բանակցեն հետագա կարգավիճակի համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ նրա գործոնին, Փաշինյանն ասել է, որ անհանգստանալու կարիք չկա, չեն արել այնպիսի քայլ, որը կվնասի դանակցային հարաբերություններին, Արեւմուտքի միջոցով կարողացել են հասնել նրան, որ միջանցք չլինի, դա ամենակարեւորն է, եւ որ առաջիկայում բաց ճակատով մեկնելու է Մոսկվա եւ բացարձակ չի անհանգստանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել