168.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի համար ներկայացրած 5 կետերին՝ Սիմոնյանն ասաց. «Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, և որևիցե փաստաթուղթ չկա»:

Նա չխոսեց խաղաղության պայմանագրի համար Հայաստանի առաջարկների մասին, քանի որ, իր վստահեցմամբ, այդ առաջարկները դեռ չեն քննարկվել, չեն որոշվել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութից հետո ակտուա՞լ է իշխանության համար խաղաղության օրակարգը՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն: Բոլոր մարդիկ, որոնք խաղաղության օրակարգի առնչությամբ բացասական բան են ասում, իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն այս համատեքստում ընդգծեց, որ պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, շարունակում են բանակը զինել, խաղաղության օրակարգը չի նշանակում, թե բանակ չպետք է լինի: Այն բոլոր կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ «ծովից ծով Հայաստան, մտնելու ենք գրավենք», կներեք, այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»,-ասաց ԱԺ նախագահը՝ կրկնելով ՀՀ ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ:

Նա ընդգծեց. «Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք ՀՀ-ն պաշտպանելու»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ հիմա զբաղվում են շատ հարցերի լուծմամբ, այդ թվում՝ Ջերմուկի շուրջ ստեղծված իրավիճակով: «Բայց այդ հարցերի լուծումը չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևիցե այլ երկրի վրա հարձակվելը: Մենք այդ հնարավորությունը չունենք՝ մեր փոքր երկիր լինելու բերումով, վերջին իրադարձություններից ելնելով և շատ ու շատ հանգամանքներից ելնելով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ բոլոր մեծ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը: «Հաճախ խոսում են նրա մասին, թե այս մեկին սիրում է, այս մեկին չի սիրում: Սեր հասկացողությունը շատ էական բան չէ, պետություններն ունեն իրենց շահերը, որոնք առաջ են տանելու: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ կգտնենք: Գրեթե ամենուր կամ պատերազմ է կամ նախապատերազմական իրավիճակ, մենք ի՞նչ ելքեր կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Իսկ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք մաքսիմալն անում ենք և շարունակելու ենք անել»,-ասաց ԱԺ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել