168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա մի քանի ուղղությունով Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից ավելի քան 10 օր անց շատ ծնողներ իրենց զինծառայող որդիներից որևէ տեղեկություն չունեն։ Ծնողներն այսօր հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով տեղեկություններ հաղորդել իրենց տղաների մասին։

ՊՆ-ում ծնողներին ընդունել էին նախարարության ներկայացուցիչները, հանդիպումից հետո ժամկետային զինծառայող Ղազարյան Սերոժայի հայրը լրագրողների հետ զրույցում նախ շեշտեց, որ այս ամենը քաղաքականության հետ որևէ կապ չունի։

«Ես ոչ հին եմ, ոչ նոր եմ, ես հիմա դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, նա էլ է ժամանակին ունեցել զինվոր։ Ակնկալում եմ, որ զինվորի ծնողի աչքով նայի մեր ժողովրդին։

Երկրորդը՝ Պաշտպանության նախարար պարոն Պապիկյան, ուղիղ 13 օր է՝ ոչ մի լուր, տեղեկություն չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում։ 13 օր է, այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիեր։ Որևէ բան չեք նախաձեռնում, որ գոնե վիրավոր երեխաներին ժամանակից շուտ հանեք, որ փրկվեին։ Ի՞նչ պատասխան եք տալու։ Խոսքը վերին Շորժայի հատվածի մասին է, որտեղ երեխաները կռվել են, ունեցել ենք զոհեր ու վիրավորներ։

13 օր դիերն այդ ձորակի մեջ են, հիմա գայլերն ու աղվեսները հոշոտած կլինեն»,- ՊՆ դարպասների մոտ ասաց զինվորի հայրը։

Նա նաև տեղեկացրեց, որ շատ տվյալներ կան, որոնք չի կարող բարձրաձայնել։

«Մենք առողջ երեխա ենք տվել, որ սահման պահի ու հայրենիք պաշտպանի, բայց այսօր մենք հայտնվել ենք անորոշ իրավիճակում։ Որդիս 1,5 տարի ծառայել է, դիրքեր է բարձրացել, որպես ծնող՝ ասում եմ, որ նա իր պարտքը տվել է  հայրենիքին։ Վերջին անգամ զանգահարել է սեպտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 06։00-ից 7 պակաս։ Կան տվյալներ, որ տղայիս ծառայակից ընկերներից մեկը հոսպիտալում է պառկած։ Այն դիրքերը, որտեղ իրենք են կանգնած եղել, անցել են Ադրբեջանի հսկողության տակ։ Նորից դիմում եմ ՊՆ-ին, ինչո՞ւ նույն օրը նախահարձակ չի եղել, որպեսզի նույն դիրքերը վերցնի»,- հարց ուղղեց զինվորի հայրը:

Ծնողի փոխանցմամբ՝ այդ հատվածներում որոնողական աշխատանքներ չեն կատարվել, դիմել են Կարմիր խաչին, ի պատասխան՝ ասել են, որ երկուստեք պետք է լինի նման համաձայնություն, որպեսզի իրենք սկսեն որոնողական աշխատանքները։

Թե ինչ են անելու հաջորդիվ ծնողները, չհայտնեցին լրագրողների հետ զրույցում՝ ակնկալելով, որ ՊՆ-ն իրենց խնդիրն արագ կլուծի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել