ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակիչներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել, հայտնում է քննչական կոմիտեն։
Բացահայտված հանգամանքներով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում, սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, օգտագործելով իրենց իշխանական լիազորությունները, համայնքի բնակիչներին ստիպել են քարոզչություն կատարել դաշինքի օգտին։
Մասնավորապես` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սպառնացել են լուծել աշխատանքային պայմանագիրը` փոխարենը պահանջելով ընդգրկվել հիշյալ դաշինքում ու դաշինքի օգտին քարոզչություն կատարել ՝ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Ձեռք բերված բավարար ապացույցներով Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով։
Համայնքի պաշտոնյա մեղադրյալները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել