Starnews.am-ը գրում է․

Գերեվարված, իսկ հետո ադրբեջանական ագրեսիայի կողմից զոհված Դավիթ  Գիշյանի քույրը հուզիչ գրառում է արել, որն առանց արցունքների անհնար է կարդալ:

Սիրտս տարար Քո հետ…
Ամբողջ կյանքում փորձել եմ Քեզ պաշտպանել: Պաշտպանում էի մանկապարտեզում, դպրոցում, բակում, տանը: Մինչև էնքան մեծացար, որ Դու դարձար իմ պաշտպանը: Մինչև Դու սկսեցիր իմ խնդիրները լուծել: Վերջին անգամ տուն եկար, էլի իմ խնդիրները լուծեցիր ու գնացիր:

Ինձ խորհուրդներ էիր տալիս` տարիքիցդ հասուն, իմաստուն:

Գնացիր, աշխարհի ամենաբարեկեցիկ ու ամենաապահով երկրներում եղար, բայց էլի Քո «արյունոտ» հայրենիքին անդավաճան մնացիր, որոշեցիր, որ չես ուզում մնալ էնտեղ, որ պետք է ծառայես:

Պատրվակներ չփնտրեցիր ծառայությունից խուսափելու համար, երբ ուրիշները կեղծ թղթերով ու հիվանդություններով փախան բանակից` Դու հրաժարվեցիր, քանի անգամ ես ինձ ասել «դիրքերում կմեռնեմ, բայց չեմ ազատվի»: Պատվով ծառայեցիր, ոչ մի բանից չբողոքեցիր, ամիսներ շարունակ ամենավտանգավոր դիրքերում, գիշերվա ամենամութ ժամերին կանգնեցիր, պահեցիր, վերջում էլ կյանքդ տվեցիր քո պարտքը կատարելու համար:

Բոլոր եղած ու չեղած աստվածներին աղոթեցի, խնդրեցի, որ ապահով ետ գաս: Բոլոր եկեղեցիներում ու տաճարներում մոմեր վառեցի, բայց աստված չկար:

Հիմա իմ աստվածը Դու ես:

Սիրտս տարար քո հետ, Դու էլ հավերժ մնացիր Սյունիքի լեռներում, Քո պարտականությանը անդավաճան:

Հպարտանում եմ, բայց ինձ իմ սիրուն, բարձրահասակ, բարի, ջերմ, կանաչ աչքերով, մաքուր ու իմ հոգու կես եղբայրն էր պետք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել