Եռաբլուրում փորված փոսից դեռ փոշի է դուրս գալիս։ Նոր է։ Կամ երեկ են փորել, կամ առավոտյան։ Քիչ այս կողմ, պսակների ու ծաղիկների տակ կորած երեք թարմ թումբ կա... այս վերջին «սահմանային սրացումից» զոհված տղերքն են։ Պսակներից մեկը քամին գցում է, ուղղում, նորից տեղն եմ դնում։
Հողոտ հատվածից բարձրանում եմ մի շարք վերև։ Այստեղ նոր են բետոն արել։ Այստեղ նաև վերջերս Արցախում զոհված Գուրգեն Գաբրիելյանի շիրիմն է։
Մի շիրիմ այն կողմ մի մարդ է նստած՝ իր հետ բերած փոքր, ծալովի աթոռին։ Ցածրահասակ է, բայց ցավն ու կորուստը էլ ավելի են փոքրացրել նրան։ Մի բուռ դարձած նստած է որդու՝ Սողոմոնի շիրիմի կողքին։ Տղան կոնսերվատորիան ավարտել ու գնացել էր բանակ։ Դաշնակահար էր։ Հետո պատերազմ, հետո՝ ԴՆԹ փորձաքննության դրական պատասխան։ Շուրջ 2 տարի չէին հավատում, որ իրենց որդին է։ Հիմա նոր, այնուամենայնիվ, որոշել են հուղարկավորել մասունքները.
-Դե 5000-ի մեջ կարա՞ր չէ 100 պատասխանը սխալ եկած լիներ,-այնուամենայնիվ փորձում է այդ հույսով ապրել հայրը՝ Կամոն։
Եռաբլուրում ամեն մի շիրիմ մի առանձին հերոսության ու մի առանձին ողբերգության պատմություններ են։
Եռաբլուրում մինչ օրս փոսեր են փորվում։ Նորերը տարբերվում են հներից. նորերի միջից Եռաբլուրի քամին սրբում է փոշին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել