Armsport.am-ը գրում է․

Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի ԱԱ-ն։ Այսօր մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ներկայացուցիչները՝ 60 և 130 կգ քաշային կարգերում:

Այս քաշային կարգերում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցչներն են Գևորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասապյանը․ նրանք կմեկնարկեն 1/16 եզրափակիչ փուլից, գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից:

2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Պրիդոն Աբուլաձեն, իսկ Մ23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Շուլցը:

Նշենք, որ Հրաչյա Պողոսյանն (63կգ) այսօր սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ բրոնզե մեդալի համար։

Բելգրադում ընթացող ԱԱ-ում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Նրա մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովն է։ Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան։

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7։1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել