Քաջությունն ու խիզախությունը միշտ հարգանքի են արժանի եղել։ Անգամ, եթե դա թշնամու քաջությունն ու խիզախությունն է եղել։ Անհիշելի ժամանակներից են մարդկային այդ հատկանիշները դարձել հարգանքի ու գնահատանքի առարկա։
Ես, որ նայում եմ մեր ազգի՝ միայն վերջին 30-ամյակում եղած հերոսական պատմություններն ու քաջության դրսևորումները, հասկանում եմ, որ մեր պես փոքր ազգի համար իրոք չափից շատ հերոսներ ենք տվել։ Էնքան շատ, որ չենք հասցնում բոլորին հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել։ Մանավանդ, երբ երկրի ղեկավարը վախկոտ դասալիք է, ու իրեն ձեռք չի տալիս, որ իր ողորմելի ֆոնին փառաբանեն հերոսներին, ու ամեն բան անում է, որ առնվազն այս փուլի հերոսական դրվանգները մոռացության մատնվեն, դառնան սովորական, առօրյա բան, ու ոչ ոք դրանով չհպարտանա։
Օրինակ, եթե Առուշանյան Դավիթի ու նրա անձնակազմի սխրանքը գործեին ամերիկացիները, հիմա նրանց մասին տասնյակ ֆիլմեր էին նկարել, դասագրքերում ներառել ու բոլորին պատմել նրանց մասին։ Իսկ մեր պես երկրում Դավիթի շիրմաքարը դրվում է գրեթե 2 տարի անց, կռվով-դավով։
Թվում է, թե ԱՄՆ-ի պես պետությունն ամեն բան ունի, ու կարող է իրեն թույլ տալ խնայել հերոսական դրվագները լուսաբանելու վրա: Բայց ոչ։ ԱՄՆ-ն ԱՄՆ է դարձել, նման ռազմական հզորություն ու հռետորաբանություն ձեռք բերել հենց նաև իր՝ հերոսներին փառաբանել կարողանալու շնորհիվ։
Վերջերս իրական փաստերի վրա նկարահանված մի ֆիլմ էի դիտում, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես են ամերիկացի զինվորները ՀԵՐՈՍԱԲԱՐ փրկվում աֆղանական լեռների մեջ տեղակայված ամերիկյան բազայի վրա թալիբների հարձակումից։ Հասկանո՞ւմ եք, իրենց միակ սխրանքը եղել է ողջ մնալը, ու հայրենիք վերադառնալուց էլ զինվորական բարձրագույն կոչումների են արժանացել։ ԱՄՆ-ն այդ հարձակումից հետո ստիպված է լինում հանել իր այդ բազան այդտեղից։ Այսինքն անգամ իր զինվորների ողջ մնալուց հետո ինքը ռազմավարական պարտություն է կրում։ Ու այդ ամենն էլ հաշվի առնելով պետությունը 5 միլիոն դոլար է ծախսել դրա մասին «հերոսական» ֆիլմ նկարելու վրա...
Նաև այսպես են պահում պետությունը, այսպես են հասարակությանը հասարակություն դարձնում, ոչ թե թողնում սանձարձակ աբիժնիկների ոհմակ դառնան, ինչպես մեր օրերում է։
Երբևէ լսե՞լ եք, որ ԱՄՆ-ում ինչ որ գեներալի դատեն։ Ես չեմ լսել։ Իսկ մեզ մոտ Ազգային հերոս գեներալների են աջ ու ձախ դատում։ Ու դա գեներալիների ամոթը չի, դա ազգի ամոթն է։ Եթե բանակիդ գեներալը, էլ չասած Ազգային հերոսդ, մանր հանցագործ է, դա բոլորիս ամոթն է։
Մեկ-մեկ մի կողմ դրեք տխմար սերիալներն ու նայեք իրական դեմքերին, ուղղակի գիտակցեք, թե ում ժամանակներում ենք մենք ապրում։ Միակ բանը, որ կարող եք անել, դա հպարտանալն է մեր տղերքով։ Ես, դուք, մյուսները անցնելու ենք, գնանք, բայց իրանք մնալու են պատմության մեջ։ Մենք չգնահատենք՝ հաջորդ սերունդն է գնահատելու ու երանի տալու, որ գոնե մեկ անգամ շփված լինեին նրանց հետո։
Մարդ արարածը մե՜ծ խիզախություն պետք է ունենա, որպեսզի գիտակցելով, թե ինչ կարճ է կյանքը, դեռ այն ամբողջությամբ չվայելած, զոհվի հանուն հայրենիքի։ Մե՜ծ խիզախություն է պետք մարդուն, որ սիրելով իր երեխաներին աշխարհում ամենից շատ՝ հայրենի հողի հանդեպ սերը վեր դասի ամեն ինչից ու այդ հողի համար զոհաբերի իր կյանքը։
Ես հավատում եմ, որ էս երկրի համար գալու են լավ ժամանակներ, ու մենք էլ ըստ արժանվույն գնահատելու ենք էն տղերքին, ովքեր անմահացան մեր լավ օրերի համար։ Ես հավատում եմ, որ գալու է օրը, ու մենք արժանի ենք լինելու նրանց զոհողությանը։ Ու գալու են օրեր, երբ նորից հարգանքի են արժանի լինելու քաջությունն ու առաքինությունը, ոչ թե թշվառական լինելն ու դրանով հպարտանալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել