MediaHub.am-ը գրում է․

Այս պահին ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկին։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Անկախություն» շարժման առաջնորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ բաց նախաձեռնություն կա՝ վարչապետին անվստահություն հայտնելու և նշել էր, որ բոլոր պատգամավորները դրան կարող են միանալ։

«Ամեն դեպքում, ես իմ սեփական օրակարգով առաջ եմ գնում՝ հարգելով բոլոր այն գործընթացները, որոնք մինչ այս տեղի են ունեցել։ Իմ նախաձեռնությունը չի ավարտվել, իր տրամաբանությամբ է ընթանում, բոլոր հնարավոր քայլերին գնալու ենք, որպեսզի տեսնենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Երկու հնարավորություն կար նրան հեռացնելու. մեկը սպառվել է, քանի որ դատախազի գործողություններին քիչ ժամանակ է մնացել, միակ հնարավոր տարբերակը մնացել է այն, որ պատգամավորները վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնեն։ Ոչինչ տեղի չի ունեցել, զարմանալի է, որ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները չեն միանում այս նախաձեռնությանը»,-ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ առնվազն անհասկանալի է ընդդիմության այս դիրքորոշումը, որովհետև եթե չեն միանում իր առաջարկին, ապա գոնե պետք է այլ նախաձեռնությամբ և այլ թեկնածուով հանդես գան։
«Եթե սա տեղի չունենա, ապա կարծում եմ՝ պետք է հասարակական ճնշումը գեներացնենք այս ուղղությամբ և պատգամավորների հետ աշխատանքներ տանենք»։

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն էլ չեն միանում Ղազարյանի նախաձեռնությանը, վերջինս պատասխանեց, որ ընդդիմադիրներն այս մասին արդեն խոսել են, որը, սակայն, Ղազարյանի համար անընդունելի պատճառաբանություն է.

«Ասում են՝ ՔՊ-ում չկան անհրաժեշտ թվով պատգամավորներ, որոնք ևս կողմ կքվեարկեն վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնելուն։ Երկու ընդդիմադիր ուժերն էլ ասել էին, թե այդ քայլին կգնան այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ ՔՊ-ից առնվազն 20 պատգամավոր իրենց կմիանա։ Անհիմն բացատրություն է, այն դեպքում, որ ՔՊ-ի հետ բանակցություններ չեն տարվում, պարզապես սպասում են, որ ՔՊ-ականները վերանայեն իրենց դիրքորոշումը։ Կարծում եմ՝ սա քիչ իրատեսական է։ Ամենաիրատեսական քայլը հենց այս պահին վարչապետի թեկնածու առաջադրելն ու ՔՊ-ի պատգամավորների հետ աշխատելն է»,-ներկայացրեց Ղազարյանը։

Դիտարկմանը՝ գուցե կան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք վախենում են իրենց մանդատը կորցնել, վերջինս արձագանքեց․

«Ես չգիտեմ, իրենք պիտի իրենց դիրքորոշումն արտահայտեն, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր վայելում է ԱԺ-ի բոլոր 107 պատգամավորների վստահությունը, որովհետև որևէ մեկը դրա հակառակը չի ապացուցել՝ օրենքով, փաստաթղթով, ստորագրությամբ։ Իրենց փողոցային պայքարին դա չի խանգարում, կարող են ստորագրություն դնել ու պայքարել այնտեղ, որտեղ կուզեն։ Մեր սպասելիքներն այդ երկու ընդդիմադիր ուժերից է, որոնք անարձագանք են»,- հավելեց Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել