ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում այցելել է Տեղեր համայնքի Ս.Աստվածածին  վանք։ Վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով  վարչապետի տիկնոջը, վերջինիս  ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտապետական լուծումները։  Վանքը կառուցել է 1213թ.-ին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ով հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում և Արցախում։

Վանքի բակում շրջայց կատարելու ընթացքում վանահայրը ուրախությամբ հայտնել է, որ այժմ կառուցվում է եկեղեցու ջրահեռացման համակարգը՝  Աննա Հակոբյանին ներկայացնելով ընթացիկ աշխատանքները։

Տեր Մխիթարը, հրաժեշտ տալով Աննա Հակոբյանին նշել է, որ ինչպես գյուղերում է ընդունված տան ամենալավ ու համեղ բարիքները հյուրասիրել իրենց հյուր եկածներին, հիմա ճիշտ այդպես էլ իրենք տիկին Հակոբյանին են փոխանցում իրենց ունեցած ամենալավը՝  աղոթք, շարական,  ջերմ բարի լույս։

Թալին համայնք կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է նաև Թալինի Ս. Կաթողիկե վանական համալիր։ Վանահայր Տեր Թադե քահանա Թախմազյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է համալիրի պատմությունը։ Կաթողիկե վանքը կառուցվել է 7-րդ դարում Ներսես Կամսարական իշխանի կողմից և ճարտարապետությունը բազիլիկ և գմբեթավոր եկեղեցիների սինթեզ է։

Վանահայրը  վարչապետի տիկնոջը ցուցադրել է 7-8-րդ դարերից մասամբ պահպանված, և քիչ ընթեռնելի արձանագրություններ, որոնցում ըստ քահանայի, գրություններ են առկա Թալինում ջրամատակարման համակարգ ստեղծելու մասին։

«Այս եկեղեցին ունի հզոր և  հարուստ պատմություն, բարձր արժեք ներկայացնող և նախատեսում ենք գրքի տեսքով լույս ընծայել փաստավավերագրական վկայություն»,- ընդգծել է Տեր Թադեն։

Աննա Հակոբյանը  հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում համալիրի վերականգնման ուղղությամբ, վանահայրը ուրախությամբ  նշել է, որ վանական համալիրը ԿԳՄՍ նախարարության  ուշադրության կենտրոնում է ճարտարապետների հետ համատեղ առկա է ծրագիր  համալիրի ամբողջական և պատմական տեսքով վերականգման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել