Ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված եւ մահացած հղիի վթարի գործով նոր զարգացումներ կան։ Թեպետ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ այն գրեթե ավարտական փուլում է, սակայն արդեն պատրաստ է փորձագիտական եզրակացությունը։ 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ լրացուցիչ փորձաքննության արդյունքներն են ստացել․ «Դարձյալ ոչինչ չի փոխվել, մեղավոր է էլի համարվել վարորդը։ Ըստ փորձագետի՝ վարորդի արագության պատճառով վրաերթը կանխելու հնարավորություն չի ունեցել, այսինքն՝ արագության պատճառով ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու հնարավորությունից, եւ մնացած անձանց արարքների վերաբերյալ, փորձագետը նշել է, որ դա քրեաիրավական հարց է եւ ենթակա է լուծման վարույթն իրականացնող մարմնից կողմից, քննիչի կողմից։ Առայժմ այս փուլում ենք, անձանց արարքներին պետք է տալ քրեաիրավական գնահատական եւ գործն ուղարկել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է»։ 

Խաչմերուկ մուտք գործելիս վարորդը, պարզվում է, ավտոմեքենան վարել է նվազագույնը 108 կմ/ժ արագությամբ․ 

«Հատուկ տրանսպորտային միջոցների ուղեկցության վերաբերյալ Կառավարության որոշում կա, ըստ որի՝ 100 կմ/ժ թույլատրելի է, բայց դա պետք է արդարացված լինի․ սակայն պետք է հաշվի առնել ճանապարհը, ռելիեֆը»,- ասում է փաստաբանը։ Գործով միակ մեղադրյալը Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկան Արամ Նավասարդյանն է, որն էլ վարել է ավտոմեքենան։ Գործով վկաներ են հարցաքննվել, սակայն թե ովքեր են նրանք, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը տեղյակ չէ։ Վրաերթի ենթարկած վարորդը ազատության մեջ է։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի էր մահացել: Չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Դեպքից հետո պարզ էր դարձել, որ կինը վրաերթի էր ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Նավասարդյանին, սակայն, ի սկզբանե դեպքի վայրը լքելու մեղադրանք չէր առաջադրվել, մեղադրանք էր առաջադրվել միայն Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ավելի ուշ, մայիսի 12-ին, Նավասարդյանը կրկին ձերբակալվել էր, նրան նաև ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեղադրանք էր առաջադրվել, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել