Մենք պետք է կարողանանք հրաժարվել մասնավոր միջոցառումների ժամանակ հրավառություններ անելու մշակութից, քանի որ դրանք ոչ միայն խախտում են մոտակայքում ապրող մարդկանց անդորրը, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը եկել էր «Սուրմալուի» պայթյունի վայր։

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Այս ողբերգությունը շատ սթափեցնողն էր։ Այն առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, մեր միջոցառումներին հրավառությունների իրականացման վերաբերյալ։ 2021 թվականին դեռեւս մի նախագիծ էր քննարկվել եւ ընդունվել Կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլատրելով միայն պետական եւ համայնքային տոներին»,- ասաց Ավինյանը։

Նախկին փոխվարչապետը նշեց, որ հարցը քննարկել է իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, եւ հարցը արտահերթ կերպով կքննարկվի սեպտեմբերին գումարվող նստաշրջանում։ «Մենք ուղղակի պետք է գիտակցենք, որ պարտադիր չէ մեր մասնավոր միջոցառումներին մասնակցեն շրջակա 10 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքացիները, հատկապես, որ նրանց թվում կան ծերեր եւ մանկահասակ երեխաներ։ Անգամ, եթե այդ պայթյունները լինում են մինչեւ ժամը 23։00-ն, խախտում են այդ քաղաքացիների անդորրը։ Այստեղ միայն ժամերի հարցը չէ»,- նշեց Ավինյանը։ 

Տիգրան Ավինյանը բացառեց, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչական գործողություն լինել. «4 տոննա հրավառական նյութերի պահպանում որեւէ տեղ, մեկ փոքր կայծ ու նմանատիպ հետեւանքներ կարող են լինել»։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել