Ալիևը «AzTV»-ին տված հարցազրույցում բացի այն, որ բացառել է Ղարաբաղի որևիցե կարգավիճակ՝ պնդելով, որ Ղարաբաղում ապրող հայերի ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց, հանդես է եկել նաև մի չափազանց ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով. «Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Դեռ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կլինի։ Պետք է ստեղծվի սահմանազատման հանձնաժողով: Նրանք էլ առարկում էին, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է, բայց սկզբում դեմ էին։ Այժմ՝ առաջիկա շաբաթներին, նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն»:

Իլհամի խոսքերից հետևում է երկու բան՝ 1) Հայաստանը կատարելապես լվացել է ձեռքերը Արցախից ու մտադիր չէ հակազդել Արցախը հայաթափելու Ադրբեջանի ծրագրերին, 2) Հայաստանը Ադրբեջանին է տալիս «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական տանդեմի պայմաններով:

Եթե առաջինի մասով դժվար է անակնկալի գալ՝ հասկանալի ու բոլորին տեսանելի պատճառներով, ապա «Զանգեզուրի միջանցքին» առնչվող Իլհամի խոսքը կարելի է նույնիսկ սենսացիոն համարել՝ նկատի ունենալով այն, որ ՀՀ իշխանությունների քայլերի ու մտայնությունների մասին հայ հասարակությունը հաճախ տեղեկանում է հենց թշնամու հայտարարություններից ու անկեղծ ուղերձներից:

Նիկոլը «Զանգեզուրի միջանցքի» հարցում միացե՞լ է Ալիևին՝ խոստանալով անհնարին թվացողը: Եթե միացել է, ապա ինչո՞ւ են ինքն ու ասենք իր ԱԽՔ-ը պարբերաբար շեշտում միջանցքային տրամաբանության բացառումն ու պարզերես դուրս գալիս, օրինակ, Իրանի առաջ:Մյուս կողմից՝ նկատի ունենալով առնվազը Լաչինի միջանցքի շուրջ կատարվողը, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ադրբեջանական ոտնձգություններին ու ախորժակին մինչև վերջ հակազդելու մասին, այնինչ դրանից օրեր հետո Խանումյանն անձամբ պետք է հորդորեր բերձորցիներին լքել իրենց տները, բայց դրանք չայրել, ամեն բան հավանական է թվում:

Ոչ ոք, իհարկե, Նիկոլի չհայրենասիրությանը չի կասկածում, ուղղակի հարցն այն է՝ ի՞նչ են Իրանին պատասխանելու, որի վերջին շրջանի ակտիվությունը, հնարավոր է, խայտառակում է Նիկոլի հայադավ մտայնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել