«Հրապարակ» թերթը գրում է․ «Ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են ու, ըստ էության, պատանդ են պահում։

Մեր տեղեկություններով, Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին` նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անվանումով։

Ի դեպ, չի բացառվում, որ նույն ֆորմատով մասնակցություն լինի նաեւ Գյուլագարակում, այստեղ դեռեւս բանակցություններ են ընթանում թեկնածուի հետ։ Հատկանշական է, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ՔՊ-ում հասան նրան, որ օրենքով արգելվել է նախընտրական դաշինքներին հանդես գալ անհատների անուններով, ինչպես անցած տարի Առուշ Առուշանյան, Մամիկոն Ասլանյան դաշինքներն էին։

ՔՊ-ում, ըստ էության, հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն, ուստի պետք է ամեն կերպ խոչընդոտել, որ այդ անձնավորության անունը հնչի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել